
Ջերմուկի համայնքային կենտրոնում մեկնարկել է հագուստի մոդելավորման վեցամսյա դասընթաց, որտեղ տեղացի և արցախահայ կանայք միավորվել են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ սովորել, ստեղծել և հավատալ իրենց ուժերին։
Այս դասընթացը պարզապես կար ու ձև չէ։ Այն ինքնավստահություն է, նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն և սեփական ապագան ինքնուրույն կառուցելու կարևոր քայլ։



Ուսուցման ընթացքում մասնակիցները ծանոթանում են հագուստի ստեղծման ամբողջ գործընթացին՝ նախնական ուրվագծումից մինչև պատրաստի արտադրանք։ Նրանք սովորում են հագուստի մոդելավորման հիմունքները, կտորի ընտրությունը և մշակումը, կարի մեքենաների և համապատասխան գործիքների ճիշտ կիրառումը։
Մասնակիցներից մի քանիսն արդեն սկսել են ստանալ իրենց առաջին պատվերները, ինչը վկայում է ծրագրի արդիականության և արդյունավետության մասին։



«Այս դասընթացը մեզ օգնում է բացահայտել մեր ստեղծագործական ներուժը և հավատալ մեր ուժերին»,- նշում է մասնակիցներից մեկը։
Ծրագիրն իրականացվում է «Համայնքային զարգացում» ՀԿ-ի կողմից՝ ֆրանսիական «Արևելքի գործ» կազմակերպության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ «Պրո Վայոց ձոր» ծրագրի շրջանակում։





