
Երիտասարդություն
Արժանապատիվ ապագան կերտվում է այսօր
Համայնքների զարգացման շարժիչ ուժը երիտասարդներն են։ Նրանց ստեղծարար միտքը, նախաձեռնողական ոգին և նորարարական գաղափարները սոցիալական, տնտեսական ու մշակութային առաջընթացի հիմքն են։ «Համայնքային զարգացում» ՀԿ-ն արդեն երկար տարիներ նպաստում է երիտասարդների հզորացմանը՝ նրանց ընձեռելով գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու և ինքնադրսևորվելու բազմաթիվ հնարավորություններ։
Միջազգային ամառային ակադեմիաներ՝ գիտելիքի, համագործակցության և աճի հարթակ
2010 թվականից «Համայնքային զարգացում» ՀԿ-ն կազմակերպում է ամենամյա միջազգային ամառային ակադեմիաներ, որոնք միավորում են տարբեր երկրների երիտասարդներին՝ ստեղծելով յուրահատուկ հարթակ գիտելիքի, հմտությունների և միջմշակութային փոխանակման համար։
Ակադեմիաների կարևորագույն արդյունքը ոչ միայն գիտելիքների փոխանցումն է, այլև միջմշակութային կապերի ստեղծումը։
Տարբեր երկրների երիտասարդները հնարավորություն են ստանում կիսվելու իրենց փորձով և գաղափարներով, հաստատել երկարաժամկետ ընկերություններ ու գործընկերային հարաբերություններ, որոնք հաճախ դառնում են հետագա համատեղ նախագծերի և համագործակցությունների ամուր հիմք։


Ամառային ճամբարներ
1994 թվականից ի վեր Վայոց ձորի թեմի և հայկական Սփյուռքի աջակցությամբ «Համայնքային զարգացում» ՀԿ-ն կազմակերպում է ամառային ճամբարներ` որպես հումանիտար նախաձեռնություն Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողների երեխաների համար։ Ժամանակի ընթացքում այս մարդասիրական նախաձեռնությունն ընդլայնվել է՝ վերածվելով միջմշակութային շփման հարթակի, որի շրջանակում ճամբարներին մասնակցել են նաև աբխազ, վրացի և ադրբեջանցի պատանիներ։
Ճամբարներից առաջ լիդերները անցնում են հատուկ վերապատրաստում՝ ստանալով դեռահասների հետ աշխատելու հմտություններ։ Ճամբարի ընթացքում պատանիները շփվում են, ձեռք բերում նոր հմտություններ և զարգացնում հաղորդակցման, շփման ու թիմային աշխատանքի կարողությունները։
Նախաձեռնող խմբեր համայնքներում
«Համայնքային զարգացում» ՀԿ-ն Վայոց ձորի տարբեր համայնքներում (Եղեգնաձոր, Ջերմուկ, Թառաթումբ) ստեղծել է համայնքային կենտրոններ, որտեղ ակտիվ երիտասարդներից բաղկացած նախաձեռնող խմբերը, բաղկացած 5-7 հոգուց, իրականացնում են կարևոր գործունեություն։ Այս խմբերը տեղում վերհանում են համայնքային խնդիրները, մշակում լուծումներ և նախաձեռնում ծրագրեր՝ վերականգնելով համայնքային ակտիվությունը և խթանելով երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքում։
Նախաձեռնող խմբերի աշխատանքի արդյունքում իրականացվել են բազմաբնույթ նախաձեռնություններ՝ արշավներ, կրթական սեմինարներ և այլ ծրագրեր, որոնք ամբողջությամբ իրականացվել են տեղական երիտասարդների անմիջական մասնակցությամբ։


Աշխատանքային պրակտիկա՝ սովորել գործելով
«Համայնքային զարգացում» ՀԿ-ն մեծ կարևորություն է տալիս երիտասարդների մասնագիտական աճին և նրանց ինտեգրմանը ժամանակակից աշխատաշուկայում։
Այդ նպատակով կազմակերպությունը իրականացնում է վարձատրվող աշխատանքային պրակտիկայի ծրագիր, որը նախատեսված է բարձրագույն ուսումնական հաստատությունները նոր ավարտած, բայց դեռևս աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար։ Երիտասարդներըշխատանքային միջավայրում ձեռք են բերում փորձառություն՝ միաժամանակ ներդրում ունենալով կազմակերպության ծրագրերի իրականացման գործում։
Այս ծրագիրը ոչ միայն նպաստում է մասնագիտական զարգացմանը և ինքնավստահության ամրապնդմանը, այլև օգնում է երիտասարդներին կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում՝ պատրաստվելով ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին։

երիտասարդական ծրագրերը միտված են անհատի հզորացմանը, եվ համայնքների կայուն զարգացմանը
«Համայնքային զարգացում» ՀԿ-ի երիտասարդական ծրագրերը հիմնված են տեղական կարիքների և միջազգային լավագույն փորձի համադրության վրա։ Դրանք միտված են ոչ միայն անհատի հզորացմանը, այլև համայնքների կայուն զարգացմանը՝ ձևավորելով ներգրավված, տեղեկացված և պատասխանատու սերունդ։

