Կլիմայի պաշտպանություն

Մեր նախաձեռնությունները Վայոց ձորի մարզում

Բնապահպանական ճգնաժամը համաշխարհային առաջնահերթություն է․ այն սպառնում է մեր ներկային ու ապագային և պահանջում է հրատապ ու համակարգված գործողություններ։ «Համայնքային զարգացում» ՀԿ-ն իր ծրագրերով նպաստում է կլիմայական ռիսկերի նվազեցմանը, շրջակա միջավայրի պահպանությանը և բնապահպանական կրթության տարածմանը Հայաստանում՝ մասնավորապես Վայոց ձորի մարզում։

  • Կլիմայի փոփոխության հիմնական պատճառը ջերմոցային գազերն են, որոնցում CO₂-ի մակարդակը կազմում է 55.7%։
  • CO₂-ի ընդհանուր արտանետումների 94.9%-ն Էներգետիկայի ոլորտից է, ինչը պայմանավորված է ջերմային էլեկտրակայաններից, ավտոմոբիլային տրանսպորտից և բնակարանային հատվածից արտանետումներով:
  • Տնային տնտեսությունների էներգասպառման մեջ բնական գազը՝ 68.5%, իսկ գազը + էլեկտրաէներգիան՝ 89.2%։ Վերականգնվողների մասնաբաժինը դեռևս փոքր է։

Արտանետումների կրճատումը, էներգախնայողությունը և վերականգնվող էներգիայի կիրառումը միաժամանակ նվազեցնում են կլիմայական ռիսկերը, խնայում են ծախսերը և ստեղծում բնակչության համար առողջ միջավայր։

Հայաստանի միջազգային պարտավորությունները

Հայաստանը որդեգրել է ցածր արտանետումներով զարգացման (մինչև 2050 թ.) երկարաժամկետ ռազմավարությունը, վավերացրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան (1993 թ., մայիս) և Փարիզյան համաձայնագիրը (2017 թ., փետրվար)՝ միանալով կլիմայի փոփոխությանը դիմակայելու իրավաբանորեն պարտադիր գլոբալ պլանին։

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն պարբերաբար կազմակերպում է իրազեկման միջոցառումներ, սեմինարներ, աշխատանքային հանդիպումներ և բնապահպանական ճամբարներ՝ ձևավորելով ակտիվ երիտասարդական խմբեր Վայոց ձորի տարբեր համայնքներում (Եղեգնաձոր, Ջերմուկ, Թառաթումբ և այլն)։

Մեր ծրագրերի շնորհիվ ֆերմերները ոչ միայն ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ, այլև համոզվում են, որ հնարավոր է միաժամանակ և՛ չվնասել բնությանը, և՛ ապահովել կայուն եկամուտ։

  • Բնապահպանական կրթություն (ոչ ֆորմալ դասընթաց-քննարկումներ) ՝ ձևավորել գիտելիքներով ու հմտություններով զինված երիտասարդներ, որոնք հասկանում են բնապահպանական իրավունքի և կլիմայական արդարության հիմունքները։
  • Դաշտային/գործնական աշխատանք՝ ներհամայնքային արշավներ, տեղում խնդիրների քարտեզագրում, անտառների և ջրային օբյեկտների դիտարկում։
  • Գործողությունների պլանավորում և հմտությունների զարգացում՝ փոքր թիմերով լուծումների նախագծում և փորձնական նախաձեռնությունների իրականացում, տվյալների հավաքագրում և ներկայացում։
  • Ձևավորել գիտելիքներով ու հմտություններով զինված, խնդրով մտահոգ և լուծումներ որոնող երիտասարդների խմբեր։
  • Մշակել և մեկնարկել հստակ քայլեր՝ տեղական բնապահպանական խնդիրների (թափոնների տեսակավորում, ջրախնայողություն, կանաչ տարածքների պահպանում և այլն) լուծման համար։
  • Ստեղծել ակտիվ նախաձեռնող խմբեր, որոնք կարող են դառնալ շարժիչ ուժ համայնքներում։

Կանաչ էներգիայի լուծումներ

Արևային կայաններ

Տարեցտարի արևային էներգիան դառնում է կայուն և անփոխարինելի գործիք։ Հավատարիմ մնալով որդեգրած արժեքներին՝ մենք

  • Աջակցում ենք արևային կայանների՝ համայնքներում և գործընկեր կառույցներում տեղադրումը՝ նվազեցնելով CO₂-ի մակարդակը,
  • խթանում ենք էներգաարդյունավետ տնտեսավարումը և ռեսուրսների խնայողությունը,
  • ստեղծում ենք ցուցադրական օրինակներ, որոնք ոգեշնչում են այլ կառույցների անցում կատարել մաքուր էներգիայի։

Էներգախնայող մոտեցումներ

Քաջալերում ենք էներգիայի խելացի սպառումը, արդյունավետ սարքավորումների կիրառումը և շենքերի ջերմամեկուսացման բարելավումը՝ էներգիայի կորուստները նվազեցնելու համար։