«Խաղաղությունն իմ աչքերով» ենթադրամաշնորհային մրցույթի շրջանակում «Համայնքային զարգացում» հասարակական կազմակերպությունը Վայոց ձորի մարզում իրականացրել է երեք նախաձեռնություն, որոնց նպատակն է ստեղծել նոր կրթական հնարավորություններ երիտասարդների համար, խթանել նրանց հետաքրքրությունը գիտելիքի նկատմամբ և նպաստել հանդուրժողականության ու համագործակցության արժեքների տարածմանը։
Ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզային գրադարանում տեղադրվել է նոր գրապահարան, որը համալրվել է բազմաժանր և արժեքավոր գրականությամբ։ Ձեռք բերված գրքերը նպաստում են երիտասարդների ընթերցասիրության զարգացմանը, նրանց գիտելիքների ընդլայնմանը և մտահորիզոնի հարստացմանը։



Երկրորդ նախաձեռնությունը նպատակ ուներ համալսարան դիմող ուսանողներին տրամադրել կրթական ռեսուրսներ և գեղարվեստական գրականություն՝ աջակցելով ավելի արդյունավետ ուսումնական գործընթացին։


Դրամաշնորհային ծրագրի երրորդ նախաձեռնությունը Եղեգնաձորի Մոմիկի անվան զբոսայգում ինստագրամյան պաստառի (ֆոտոզոնայի) տեղադրումն է։ Այն երիտասարդներին հնարավորություն է տալիս սոցհարթակների միջոցով ձևավորել ժամանակակից հաղորդակցման մշակույթ՝ խրախուսելով երիտասարդների ակտիվությունն ու ինքնարտահայտումը։

Այսպիսով իրականացված նախաձեռնությունները նպաստում են երիտասարդների ներուժի բացահայտմանը, նրանց ինքնավստահության բարձրացմանը և համայնքի զարգացման գործընթացներում նրանց ակտիվ մասնակցությանը։
Ծրագրերն իրականացվել են «Երիտասարդները հանուն խաղաղության Հարավային Կովկասում» նախաձեռնության շրջանակում՝ «Համայնքային զարգացում» հասարակական կազմակերպության և շվեյցարական HEKS/EPER կազմակերպության համագործակցությամբ։





