«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն ամփոփում է իր աշխատանքային շաբաթը այցելություններով։
Սույն թվականի սեպտեմբերի 11-ին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքում հյուրընկալեց ԱՄՆ Պետդեպարտամենտի «Բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի փախստականների հարցերով» տարածաշրջանային համակարգող Ռենե Լարիվիերին, Հայաստանում ՄԱԿ-ի «Փախստականների գործակալության» (ՄԱԿ ՓԳՀ) իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինին, ծրագրերի բաժնի ղեկավար Էլեն Հովհաննիսյանին և արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանին, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ-ի գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի թիմ լիդեր Տատյանա Դաշյանին։
Հանդիպման ընթացքում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակիցները հյուրերին ներկայացրին կազմակերպության գործունեությունը, ընթացիկ և ապագա աջակցության, զարգացման և կրթամշակութային ծրագրերը:
Կողմերը անդրադարձան մարդասիրական աջակցության մի շարք նոր նախաձեռնությունների, ինչպիսիք են հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձություններով պայմանավորված՝ Վայոց ձորի Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ բնակավայրերից տեղահանված և մարզի մի շարք բնակավայրերում ապաստանած ընտանիքների երեխաների համար կազմակերպված հոգեբանա-մանկավարժական/վերակագնողական ճամբար շարունակական ծրագիրը:
Կողմերը քննարկեցին նաև «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի շահառուների՝ մարզում անապահով անձանց, ինչպես նաև ԼՂ-ից և Ուկրաինայից տեղահանված ու Վայոց ձորի Եղեգնաձոր, Վայք, Արենի և այլ համայնքներում ապաստանած ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, մասնավորապես նրանց հատուկ կարիքներին, գալիք ցրտաշունչ ձմռանը դիմակայելուն և կացարանին ու զբաղվածությանը վերաբերող խնդիրների լուծմանն ուղղված հարցերը։
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի առաջնորդությամբ հյուրերն այցելեցին նաև Եղեգնաձորի Գիտելիք համալսարանի հանրակացարանում բնակվող Ուկրաինայից տեղահանված կարիքավոր ընտանիքներին՝ զրույցի արդյունքում ծանոթանալով նրանց առկա խնդիրներին և տեղահանման դժվարություններին, ինչպես նաև Հայաստանում նրանց նոր կյանքի և նոր հնարավորությունների մասին պատմություններին:
Հանդիպման ավարտին աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին «ԱՄՆ Պետդեպարտամենտի փախստականների բյուրո»-ին, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ-ին և իր գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ին՝ տեղահանված ընտանիքներին մարդասիրական աջակցությամբ, իրավաբանական խորհրդատվությամբ և պատշաճ ուղղորդումներով ապահովելու, ինչպես նաև «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հետ սերտ համագործակցության և կազմակերպության զանազան ծրագրերին աջակցելու և քաջալերանքի համար:
ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակիցները նույնպես իրենց գոհունակության խոսքը փոխանցեցին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ին՝ պատրաստակամություն հայտնելով հետագա արդյունավետ համագործակցության և համատեղ ծրագրերի մշակման և իրականացման համար:
Պատասխանել