
Հոկտեմբերի 8-14-ը «Լյուսի Տուր» հանգստյան գոտում անցկացվեց «Բառեր առանց սահմանների» միջազգային գրական աշխատարանը՝ մեկ հարկի տակ համախմբելով Հայաստանում և արտերկրում ստեղծագործող հայ գրողներին ու թարգմանիչներին։
Աշխատարանի նպատակն էր նպաստել գրական և թարգմանչական հմտությունների զարգացմանը, խթանել մասնագիտական փորձի փոխանակումը և ամրապնդել հայ հեղինակների միջև կապերը՝ ստեղծելով նոր ստեղծագործական համագործակցությունների հնարավորություններ։



Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի ղեկավար Տաթևիկ Հարությունյանը՝ ընդգծելով գրականության և թարգմանության միավորող ուժը, դրանց դերը ազգային ինքնության և մշակութային շարունակականության պահպանման գործում։
Մասնակիցներին ողջունեց Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը՝ անդրադառնալով հայ գրական ժառանգության պահպանմանն ու այն գալիք սերունդներին փոխանցելու կարևորությանը։



Աշխատարանի ընթացքում ելույթ ունեցան ոլորտի մասնագետներ՝ ներկայացնելով գրականության, լեզվի, ինքնության, թարգմանության և ժամանակակից հայ գրականության վերաբերյալ տարբեր թեմաներ։
Արմեն Սարգսյան՝ «Լեզու և ինքնություն»։
Արման Զաքարյան՝ «Պետություն, եկեղեցի, ընտանիք՝ հանուն Ազնավուրի պատվին էջերով»։
Հայկ Համբարձումյան՝ «Սասնա ծռեր» էպոսի մշակութային կոդերը» և «Ինչպես ներկայացնել գրականությունը մեդիայում»։
Հրաչյա Սարիբեկյան՝ «Գեղարվեստական արձակի լեզվական տեխնիկան» և «Զանգվածային բելետրիստիկայի ժանրերի գեղարվեստականության չափանիշները»։
Ասատուր Հակոբյան՝ «Սփյուռքյան փորձառություն, խոսքի կարևորությունը»։
Սամվել Մհերյան՝ «Հայ գրականությունը 21-րդ դարում»։
Շուշան Կարապետյան՝ «Թարգմանել էմոցիաները/զգացողությունները, ոչ միայն բառերը»։
Արմեն Ավանեսյան՝ «Ժամանակակից հայ պոեզիայի զարգացման միտումները» և «Քննադատության դերը գրականության զարգացման գործում»։
Աշխատարանի ընթացքում Սևակ Ղազարյանը ներկայացրեց «Մաշտոց» հրատարակչության գործունեությունը՝ անդրադառնալով հայ գրականության հրատարակման և թարգմանական նախաձեռնությունների նշանակությանը։



Աշխատարանի շրջանակում ֆրանսահայ վավերագրող և կինոռեժիսոր Կատյա Կիրակոսյանը, որը նաև Մելինե Մանուշյանի ծոռնուհին է, ներկայացրեց իր հեղինակային «Միսաք և Մելինե Մանուշյան» վավերագրական ֆիլմը։ Այն պատմում է ֆրանսիական Դիմադրության շարժման գործիչներ Միսաք և Մելինե Մանուշյանների կյանքի, սիրո և անձնվեր պայքարի մասին։
Աշխատարանի մասնակիցները հանդիպեցին նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMA) ներկայացուցիչների հետ։ Հյուրերը ներկայացրին առաքելության գործունեությունը հայ-ադրբեջանական սահմանի և սահմանամերձ համայնքների ուղղությամբ։ Հանդիպումն ուղեկցվեց հարցուպատասխանով և քննարկումներով։
Աշխատարանի շրջանակում մասնակիցներն այցելեցին Զորաց տաճար, այնուհետև՝ Պարույր Սևակի տուն-թանգարան։
Այցերը կարևոր կրթական և ճանաչողական նշանակություն ունեին՝ հնարավորություն տալով մասնակիցներին տեղում ծանոթանալու Վայոց ձորի պատմամշակութային ժառանգությանը և խորացնելու գիտելիքները Պարույր Սևակի կյանքի ու ստեղծագործության մասին։ Դրանք նաև հնարավորություն էին՝ զգալու գրականության, պատմության և ազգային հիշողության կապը հենց այն միջավայրում, որտեղ մշակութային ժառանգությունը շարունակում է ապրել։



Մեկ շաբաթվա ընթացքում ստեղծված մասնագիտական կապերը, մտքերի փոխանակումն ու համատեղ քննարկումները հիմք են նոր նախաձեռնությունների և ապագա համագործակցությունների համար։ Աշխատարանի ավարտը ոչ թե ճանապարհի վերջն էր, այլ նոր գրական գաղափարների, ստեղծագործական որոնումների և համագործակցության հնարավորությունների սկիզբը։
«Բառեր առանց սահմանների» միջազգային գրական աշխատարանն իրականացվեց «Համայնքային զարգացում» ՀԿ-ի և «Մաշտոց» հրատարակչության համագործակցությամբ՝ գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության աջակցությամբ։





