հետեվեք մեզ՝

Վայոց ձորի երիտասարդ այգեգործների փորձի փոխանակման այց դեպի Աշտարակ

Բերքատու այգի հիմնելու ճանապարհը սկսվում է հողի, ջրի և տեղական բնակլիմայական պայմանների նկատմամբ հոգատար վերաբերմունքից։ Կարևոր են ոչ միայն որակյալ տնկիները, այլև դրանց ճիշտ խնամքն ու բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։

Նոր գործնական գիտելիքներ և փորձ ձեռք բերելու նպատակով «Համայնքային զարգացում» ՀԿ-ն Վայոց ձորի երիտասարդ խաղողագործների և այգեգործների համար կազմակերպեց փորձի փոխանակման այց դեպի Աշտարակ։

Խաղողագործության հարուստ ավանդույթներ ունեցող այս քաղաքում մասնակիցները տեղում ծանոթացան այգիների հիմնման և արդյունավետ կառավարման փորձին։ Նրանք քննարկեցին տնկիների խնամքին, ոռոգմանը, հողի մշակմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու բերքատվության բարձրացմանը վերաբերող հարցեր։

Այցի կարևոր բաղադրիչներից էր մասնակիցների միջև անմիջական շփումը։ Նրանք հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց այգիներում հանդիպող խնդիրները և ձևավորելու նոր մասնագիտական կապեր։

Նման նախաձեռնությունները պարզապես ճանաչողական այցեր չեն։ Մասնագիտական դասընթացները, տնկիների տրամադրումն ու փորձի փոխանակումը միասին օգնում են մասնակիցներին ոչ միայն նոր այգիներ հիմնել, այլև զարգացնել դրանք՝ կիրառելով կայուն և ագրոէկոլոգիական մոտեցումներ։

Նախաձեռնությունն իրականացվել է գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության, ֆրանսիական «Արևելքի գործ» ասոցիացիայի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։