Ո՞րն է ամուր ընտանիքը, և ի՞նչն է այն իսկապես ամուր դարձնում։
Այս և ընտանեկան հարաբերություններին վերաբերող բազմաթիվ կարևոր հարցերի շուրջ օգոստոսի 18-25-ը Հերմոնի «Լյուսի տուր» հանգստյան գոտում «Համայնքային զարգացում» ՀԿ-ն իրականացրեց հոգեկրթական թերապևտիկ երկու դասընթաց Վայոց ձորում բնակվող տեղացի և արցախահայ զույգերի համար։

Մի քանի օր շարունակ մասնակիցները հնարավորություն ունեցան կտրվելու առօրյա հոգսերից և իրենց հարաբերություններին նայելու մեկ այլ տեսանկյունից։ Նրանք խոսեցին ընտանեկան կյանքում առաջացող դժվարությունների մասին և քննարկեցին այն հարցերը, որոնք հաճախ մնում են չասված կամ անտեսված։



Դասընթացներն անցկացրին Մարկոս քահանա Մանգասարյանը և Անգելինա Ալեքսանյանը։ Նրանց հեղինակած «Ընտանեկան կողմնացույց» ծրագիրն ավելի քան 15 տարի օգնում է զույգերին ավելի գիտակցված կառուցել իրենց հարաբերությունները և միասին հաղթահարել ընտանեկան կյանքում առաջացող դժվարությունները։

Ծրագիրն ընդգրկում էր ընտանեկան փոխհարաբերությունների տարբեր կողմերը՝ ամուր ընտանիքի հիմքերից և սիրո լեզուներից մինչև արդյունավետ հաղորդակցություն, ակտիվ լսելու հմտություններ, ինքնաճանաչում և կոնֆլիկտների հաղթահարում։ Տեսական քննարկումները ուղեկցվում էին գործնական վարժություններով և խմբային աշխատանքով։ Ծրագրում ներառված էին նաև հոգևոր հանդիպումներ և մասնագիտական խորհրդատվություն։



Դասընթացների նպատակը ընտանիքի համար մեկ «ճիշտ» մոդել առաջարկելը չէր։ Յուրաքանչյուր զույգ հնարավորություն ստացավ ավելի լավ հասկանալու իր հարաբերությունների առանձնահատկությունները և գտնելու հենց իր համար արդյունավետ լուծումներ։
Մասնակիցները դասընթացներից հեռացան ոչ միայն նոր գիտելիքներով ու գործնական հմտություններով, այլև մի կարևոր գիտակցմամբ․ ամուր ընտանիքը ձևավորվում է ամեն օր, երբ երկուսն էլ կարող են անկեղծ խոսել, լսել միմյանց և միասին առաջ շարժվել։

Ծրագիրն իրականացվել է «Համայնքային զարգացում» ՀԿ-ի կողմից՝ գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության աջակցությամբ։






