հետեվեք մեզ՝

Վայոց ձորի ուսուցիչները մասնակցեցին կոնֆլիկտների կառավարման եռօրյա դասընթացի

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն այս տարի ևս իրականացրեց «Կոնֆլիկտների փոխակերպում և հաղթահարում» եռօրյա դասընթացը, որին մասնակցեցին Վայոց ձորի տարբեր համայնքների ուսուցիչներ։ Դասընթացի նպատակն էր օգնել ուսուցիչներին արդյունավետ կերպով լուծել դպրոցում առաջացած կոնֆլիկտները և ստեղծել խաղաղ ու համագործակցային միջավայր։

Սեմինարն անցավ ինտերակտիվ ձևաչափով։ Ուսուցիչները քննարկեցին իրական դեպքեր իրենց աշխատանքային պրակտիակայից, փորձեցին հասկանալ՝ ինչից են սկսվում կոնֆլիկտները, ինչ նախանշաններ են դրանց նախորդում և ինչպես կարելի է դրանք կանխել։

Գործնական վարժությունների ընթացքում նրանք ուսումնասիրեցին նաև սեփական արձագանքները լարված իրավիճակներում՝ ինչ են անում սովորաբար, ինչ կարող են փոխել և ինչպես հանգիստ ու կառուցողական կերպով լուծել խնդիրները։

Դասընթացը վարում էր կրթության ոլորտի փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը՝ ներկայացնելով ինչպես տեսական կարևոր գաղափարներ, այնպես էլ մի շարք գործնական խորհուրդներ, որոնք ուսուցիչները կարող են անմիջապես կիրառել իրենց դասարաններում։

Եռօրյա ծրագրի ավարտին ուսուցիչներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր և թեմատիկ ուսուցողական նյութեր, որոնք կօգնեն շարունակել զարգացնել դասընթացում ձեռք բերած հմտությունները։

Ծրագիրը իրականացվել է «Երիտասարդները հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում՝ «Համայնքային զարգացում» ՀԿ-ի և շվեյցարական ՀԵԿՍ-ԷՊԷՌ կազմակերպության համագործակցությամբ։