հետեվեք մեզ՝

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն տոնում է իր գործունեության 30 ամյակը

Նոյեմբերի 11-ին «Համայնքային զարգացում» հասարակական կազմակերպությունը նշեց իր գործունեության 30 ամյակը՝ համախմբելով գործընկերներին, բարեկամներին և երկարամյա աջակիցներին։
Տոնական միջոցառումն անցկացվեց ջերմ և խորհրդանշական մթնոլորտում՝ ընդգծելով կազմակերպության երեք տասնամյակների նվիրված աշխատանքը Վայոց ձորի և հարակից մարզերի համայնքներում:

Տոնական միջոցառումն անցկացվեց ջերմ և խորհրդանշական մթնոլորտում՝ ընդգծելով կազմակերպության երեք տասնամյակների նվիրված աշխատանքը Վայոց ձորի և հարակից մարզերի համայնքներում:
Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը, Եղեգնաձորի փոխհամայնքապետ Վարդան Ավագյանը, ՀԵՄԱ առաքելության ներկայացուցիչներ՝ աջակցության ղեկավար Յենս Վիրի գլխավորությամբ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, պատվավոր հյուրեր և շահառուներ։ Իրենց ներկայությամբ մեզ պատվել էին ֆրանսիական «L’Œuvre d’Orient» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցիչներ Լյուկ և Բլանդին Բուրոները և մեր ֆրանսիացի բարեկամները։

Բացման խոսքով հանդես եկավ կազմակերպության նախագահ Անի Սմբատյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին և աջակիցներին երկարամյա համագործակցության և վստահության համար։ «Հետահայաց նետելով անցյանլին, արժևորելով ներկան և ապագան՝ «Համայնքային զարգացում» հասարակական կազմակերպությունը շարունակելու է իր գործունեությունը՝ ի նպաստ համայնքների զարգացման և հզորացման։» ,- նշեց նա։

Շնորհավորական խոսքով հանդես եկան Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց ձորի փոխմարզպետ Վասիլ Ասլանյանը և կազմակերպության կրթական ծրագրերի գործընկեր Վարդուշիկ Մովսիսյանը։ Նրանք բարձր գնահատեցին կազմակերպության երկարամյա և հետևողական աշխատանքը՝ շեշտելով, որ «Համայնքային զարգացում» ՀԿ-ն այսօր վստահելի և կայուն գործընկեր է համայնքային կյանքի տարբեր ոլորտներում։

Այնուհետև ծրագրերի համակարգող Տաթև Հարությունյանը ներկայացրեց կազմակերպության գործունեության ամփոփ հաշվետվությունը՝ ներկայացնելով իրականացված ծրագրերը, ձեռքբերումները և ընթացիկ նախաձեռնությունները։ Նա ընդգծեց, որ կազմակերպությունը իր ռեսուրսների, երկարամյա գործընկերների և անհատ բարերարների աջակցությամբ, իրականացրել է ոչ միայն սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր և շարունակական աջակցություն կրթության ու երիտասարդության կարողությունների զարգացման ուղղություններով, այլև սոցիալ-հոգեբանական, մարդասիրական օգնություն է տրամադրել Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին և ուկրաինացի փախստականներին։

Տոնական տրամադրությունը շարունակվեց գեղարվեստական ելույթներով․ Ատգեն Արմենյան երգչախումբը, Եղեգնաձորի համայնքային կենտրոնի պարի խմբի սաները, Խաչիկի պարային համույթը, «Մարգարյան Դանս Ստուդիո»-ի պարուհիները իրենց գեղեցիկ կատարումներով լրացրին օրվա ջերմ մթնոլորտը։
Միջոցառման ընթացքում ցուցադրված էին կազմակերպության գործունեությունը ներկայացնող տաղավարներ։ Այստեղ այցելուները հնարավորություն ունեին ծանոթանալու Եղեգնաձորի, Թառաթումբի և Ջերմուկի համայնքային կենտրոնների խմբակների մասնակիցների ձեռքի աշխատանքներին, Աղասաֆի փորձացուցադրական այգու և շահառուների այգիների պտուղներին, մեղվապահ շահառուների արտադրանքին, ինչպես նաև «Մաշտոց» հրատարակչության կողմից թարգմանված և հրատարակված գրքերին։
Տոնական օրը համեմվեց նաև հյուրասիրությամբ․ մասնակիցները վայելեցին արցախյան ավանդական ժինգյալով հացը և համեղ ուտեստները՝ իրենց հետ տանելով կազմակերպության տարբերանշանով խորհրդանշական նվերներ։

Ամփոփելով իր 30-ամյա գործունեությունը՝ «Համայնքային զարգացում» ՀԿ-ն ևս մեկ անգամ վերահաստատեց, որ հավատարիմ գործընկերների աջակցությամբ, շարունակելու է գործել նույն նվիրումով և պատասխանատվությամբ՝ հանուն ուժեղ, համերաշխ և ինքնաբավ համայնքների։