
Հոկտեմբերի 18-ին Վայոց ձորի Հերհեր գյուղը մարդաշատ էր՝ տոնական և ուրախ տրամադրությամբ։ Տեղի ունեցավ Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը։
Հայտնի ուխտատեղի Սուրբ Գևորգ եռանավ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ ավելի հին եկեղեցու հիմքի վրա։ Տարիների ընթացքում այն կրել է բազմաթիվ վնասներ, սակայն այսօր նոր շունչ է ստացել․ ամբողջությամբ վերանորոգվել է և վերականգնել իր պատմական ու հոգևոր արժեքը։
Եկեղեցու վերականգնումը իրականացվել է Վայոց ձորի թեմի և «Համայնքային զարգացում» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ անհատ բարերարների և Հերհեր գյուղի բնակիչների նվիրատվություններով և ֆրանսիական «L’Œuvre d’Orient» ասոցացիայի աջակցությամբ՝ «Հոգևոր կյանքի վերածնունդ․ եկեղեցու վերականգնում» ծրագրի շրջանակում։
Ծրագրի նպատակն է նոր շունչ հաղորդել Հայաստանի հոգևոր և մշակութային ժառանգությանը՝ վերականգնելով համայնքների պատմական սրբավայրերը։
Վերաօծման արարողությանը ներկա էին «ֆրանսիական «L’Œuvre d’Orient» ասոցացիայի հայաստանյան ներկայացուցիչներ Լյուկ և Բլանդին Բուրոները, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ, կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսը, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, ճարտարապետ Լևոն Վասիլյանը, շինարարներ, համայնքների ղեկավարներ, հոգևոր սպասավորներ և բազմաթիվ հյուրեր։
Եկեղեցու օծման արարողությունը կատարվեց Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ձեռամբ, ով իր խոսքում ընդգծեց հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության կարևորությունը, և իր շնորհակալական խոսքն ուղղեց բոլորին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել եկեղեցու վերականգնման աշխատանքներին։
Օծումից հետո կատարվեց երեխաների մկրտության արարողություն, իսկ այնուհետև՝ մատաղի արարողակարգը, որը նախաձեռնել էր Հերհեր բնակավայրի վարչական ղեկավար Նաիրի Բաբայանը՝ ի նշան երախտագիտության ու օրհնության։

Օրվա տոնական տրամադրությունը շարունակվեց համայնքի մեկ այլ գեղեցիկ ավանդույթով՝ «Պոպոքի» փառատոնով, որը լրացրեց օրվա խորհրդավոր և ուրախ տրամադրությունը։
Հերհերի Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծումը դարձավ համայնքում հոգևոր կարևոր իրադարձություն՝ համախմբելով հավատքի, համագործակցության և մշակութային ժառանգության պահպանման ուժը։




















