հետեվեք մեզ՝

Կերպարվեստի և պարի խմբակների ամփոփիչ միջոցառումը Եղեգնաձորի համայնքային կենտրոնում

Եղեգնաձորի համայնքային կենտրոնում տիրում էր տոնական ու հուզիչ մթնոլորտ․ տեղի ունեցավ կերպարվեստի և պարի խմբակների ամփոփիչ միջոցառումը։

Մեկ տարի շարունակ Արցախից տեղահանված և տեղացի երեխաները միասին հաճախում էին խմբակներ՝ պարի և նկարչության լեզվով արտահայտելով իրենց հույզերն ու ներաշխարհը։ Սկզբում հեշտ չէր․ նոր միջավայր, անծանոթ ընկերներ, նոր փորձություններ։ Սակայն ժամանակի ընթացքում պարը և գույների լեզուն դարձան յուրատեսակ կամուրջ ինքնարտահայտման, հաղորդակցության և փոխադարձ վստահության համար։

Ուսուցիչների խոսքով՝ կենտրոնում ձևավորված ջերմ մթնոլորտի շնորհիվ երեխաները հաճախ տնային հանձնարարություններն էին կատարում միասին՝ օգնելով միմյանց։ Մեկ տարվա ընթացքում արվեստի միջոցով նրանք ոչ միայն ձեռք բերեցին նոր հմտություններ, այլև հաղթահարեցին բազմաթիվ դժվարություններ, սովորեցին կրկին վստահել ու հավատալ ապագային։

«Խմբակը երեխաների համար միայն պար ու նկարչություն սովորելու վայր չէր։ Այստեղ նրանք ձեռք բերեցին ընկերներ, սովորեցին թիմային աշխատել։ Մենք դարձել ենք մի մեծ ընտանիք», – նշեց պարուսույց Անուշ Մարտիրոսյանը։

Ամփոփիչ միջոցառման ընթացքում երեխաները ծնողների և հյուրերի առջև ներկայացան ազգային պարերով։ Կենտրոնի պատերը զարդարված էին գունազարդ նկարներով․ յուրաքանչյուր ստեղծագործություն երեխաների ներաշխարհի և անձնական պատմության արտահայտությունն էր։ Ծնողները հուզմունքով ու թաքնված հպարտությամբ էին հետևում ելույթներին և նկարների ցուցադրությանը։

Թեպետ խմբակների ավարտը տխրեցրել էր շատերին, բայց կար թաքուն մի ուրախություն․ իրենց հետ տանում են ամուր ընկերություն, նոր հմտություններ և բացահայտված շնորհներ։

Այս նախաձեռնությունը, որը իրականացվել է «Համայնքային զարգացում» ՀԿ-ի և գերմանական Renovabis կազմակերպության համագործակցության շրջանակում, ևս մեկ անգամ ապացուցեց․ արվեստը սահմաններ չի ճանաչում․ այն կարող է բուժել ցավը, համախմբել մարդկանց և դառնալ ապագայի շարժիչ ուժ։