
«Համայնքային զարգացում» ՀԿ-ն օրերս հյուրընկալեց գերմանական Renovabis կազմակերպության պատվիրակությանը՝ Սեբաստիան Հիշի գլխավորությամբ և լրագրողների մասնակցությամբ։ Այցը մեկ տարի առաջ մեկնարկած համագործակցության յուրօրինակ ամփոփումն էր, որի շնորհիվ Արցախից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ նոր միջավայրում ձեռք են բերել արժանապատիվ և լիարժեք ինտեգրվելու հնարավորություն։
Համագործակցության շրջանակում արցախահայ երեխաները տեղացի հասակակիցների հետ միասին մասնակցում են պարի և նկարչության խմբակներին․ սա հնարավորություն է տալիս լիարժեք ինքնադրսևորվել մշակութային միջավայրում, ինտեգրվել հասակակիցների շրջանում, համատեղ ստեղծագործել և կիսել ուրախ ու դժվար պահերը։ Կազմակերպվել են նաև եռօրյա հավաքներ, որոնց ընթացքում արցախահայ ընտանիքներին տրամադրվել է անհատական և խմբային հոգեբանական աջակցություն՝ սթրեսի հաղթահարման և նոր միջավայրին հարմարվելու նպատակով։ Միաժամանակ սոցիալապես խոցելի ընտանիքներին տրամադրվել են արևային ջրատաքացուցիչներ, որոնք զգալիորեն բարելավել են կենցաղային պայմանները և նվազեցրել ընտանիքների ֆինանսական բեռը։
Պատվիրակության անդամներն այցելեցին խմբակներ, հանդիպեցին երեխաներին, եղան շահառու ընտանիքներում, կիսեցին նրանց կարիքներն ու մտահոգությունները, լսեցին նաև երախտիքի խոսքեր։ Հիրավի, ցավի միջից ժպտալու կարողությունը իրական ուժի և դիմակայության վկայություն է։ Մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքը տվել է շոշափելի արդյունքներ․ բարելավվել է ընտանիքների կյանքի որակը, խորացել է փոխվստահության մթնոլորտը։ Երբ երեխաները պարում են կողք-կողքի, երբ թուղթը լցվում է գույներով, իսկ կենցաղային պայմանները փոքր-ինչ բարվոք են, կարծես մեղմվում է կորստի և տեղահանության ցավը։ Այդպես է ձևավորվում փոխօգնության և վստահության իրական մթնոլորտը։
Վստահ ենք, որ համատեղ աշխատանքը կամրապնդի և կխորացնի արդեն իսկ ձեռք բերված արդյունքները։






