հետեվեք մեզ՝

Թառաթումբի կարուձևի խմբակը նոր հնարավորությունների մեկնարկ

Թառաթումբի համայնքային կենտրոնում գործող կարուձևի խմբակը տեղացի և Արցախից տեղահանված կանանց ու աղջիկների համար նոր հնարավորություն է ընձեռում սովորելու, ստեղծագործելու և նոր մասնագիտություն ձեռք բերելու համար։ Այստեղ նրանք զրոյից ուսումնասիրում են կարուձևի հմտությունները, զարգացնում ստեղծագործական մտածողությունը և ապացուցում, որ ցանկության ու աջակցության դեպքում անհնարին ոչինչ չկա։

Մասնակիցների գործնական գիտելիքները խորացնելու և հետաքրքրությունը խթանելու նպատակով «Համայնքային զարգացում» ՀԿ-ն, գերմանական «Հաց աշխարհին» և ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունների հետ համագործակցությամբ, կազմակերպեց ուսուցողական այց Երևանում գործող առաջատար արտադրամասեր՝ «Էլինա» և «Ալեքս»։ Այստեղ նրանք ծանոթացան կարուձևի ամբողջ գործընթացին՝ գաղափարի մշակումից ու մոդելի նախագծումից մինչև պատրաստի արտադրանքի ստեղծում և իրացում։

Այցը յուրօրինակ բաց դաս էր․ այն, ինչ խմբակում սովորում էին, նրանք հնարավորություն ունեցան տեսնել լայնածավալ արտադրության պայմաններում։ Մասնակիցները մեծ ոգևորությամբ հետևում էին պրոֆեսիոնալ մասնագետների և արտադրական մեքենաների աշխատանքին, հետաքրքրությամբ հարցեր էին ուղղում փորձառու դերձակներին և և մտովի հյուսում իրենց հաջողության պատմությունը․․․

Շատերի համար սա առաջին փորձն էր գործարան այցելելու․
«Շատ ոգևորված եմ, առաջին անգամ եմ տեսնում, թե ինչպես են ստեղծվում այն հագուստները, որոնք սովորաբար գնում ենք խանութից։ Հիմա համոզված եմ, որ մենք էլ կարող ենք մեր համայնքում փոքրիկ գործ սկսել։ Այսօր հասկացա՝ մենք ճիշտ ուղու վրա ենք», – կիսվեց մասնակիցներից մեկը։

Այս այցը ոչ միայն մասնագիտական, այլև անձնական զարգացման արժեքավոր հնարավորություն էր։ Այն բարձրացրեց կանանց ու աղջիկների մոտիվացիան, վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և բացեց նոր հորիզոններ ապագա մասնագիտական գործունեության համար։