հետեվեք մեզ՝

«Մեղվաբուծություն կանանց համար»՝ նոր հմտություններ, նոր հնարավորություններ

Օրերս «Համայնքային զարգացում» ՀԿ-ում տոնական և միաժամանակ հուզիչ մթնոլորտ էր տիրում․ «Մեղվաբուծություն կանանց համար» ծրագրի մասնակիցները հավաքվել էին՝ ստանալու իրենց ավարտական վկայականները և հրաժեշտ տալու սիրելի մենթոր-խորհրդատուին՝ դոկտոր Ալմութ Շուլթհայսին։ Նրա անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ անցկացված երկամյա դասընթացը վայոցձորցի մի խումբ կանանց փոխանցեց ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ու գործնական հմտություններ, այլև օգնեց ձեռք բերել ինքնավստահություն և հավատ սեփական ուժերի նկատմամբ։

Կանայք երախտագիտությամբ ընդգծեցին, որ այս նախաձեռնությունն իրենց կյանքում նոր էջ է բացել։ Մասնակիցների խոսքով՝ այն ոչ միայն նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն էր, այլև կյանք փոխող նախաձեռնություն։ Նրանք նաև շնորհակալագիր հանձնեցին դոկտոր Շուլթհայսին՝ բարձր գնահատելով նրա հետևողական աջակցությունն ու խորհրդատվությունը։

Շնորհակալական խոսքում կանանցից մեկը նշեց․
«Այս երկու տարիների ընթացքում մենք ոչ միայն սովորեցինք մեղվաբուծության գաղտնիքները, այլև կրկին հավատացինք ինքներս մեզ և մեր ուժերին։ Ցանկանում ենք, որ նման դասընթացները շարունակական լինեն»։

«Մեղվաբուծություն կանանց համար» ծրագիրը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են կրթությունն ու նոր հմտությունները բացահայտել կանանց ներուժը՝ փոխելով ոչ միայն նրանց առօրյան, այլև համայնքի ապագան։

Հիշեցնենք, որ ծրագիրը իրականացվել է «Համայնքային զարգացում» ՀԿ-ի և գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության համագործակցությամբ՝ դոկտոր Ալմութ Շուլթհայսի անմիջական ներգրավվածությամբ։