հետեվեք մեզ՝

Հայ–վրացական երիտասարդական ամառային ճամբար` նոր ընկերություններ ու գաղափարներ

Վայոց ձորի գեղատեսիլ բնության գրկում՝ «Սիրանույշ» ճամբարում, օգոստոսի 4–13-ը կայացավ հայ-վրացական երիտասարդական ամառային ճամբարը, որը մեկ հարկի տակ միավորեց երկու հարևան ժողովուրդների պատանիներին։ Ճամբարային օրակարգը հագեցած էր՝ ինտելեկտուալ և մարզական խաղերով, մշակութային երեկոներով, բազմաբովանդակ քննարկումներով ու զրույցներով՝ առաջնորդության, թիմային աշխատանքի, խաղաղասիրության մասին։ Հայ և վրացի պատանիները, լի ոգևորությամբ, ակտիվորեն ներգրավված էին ճամբարային առօրյայում՝ յուրաքանչյուր օրը դարձնելով հիշարժան ու հագեցած։ Այդ ընթացքում նրանք սովորում էին լսել, համագործակցել և վստահել միմյանց։ Տասը հագեցած օրերի տրամաբանական եզրափակումը դարձավ փակման գեղեցիկ արարողությունը։ Հայ և վրացի երիտասարդների համատեղ երաժշտական կատարումները լցրին Եղեգիսի կիրճը ժպիտներով ու ջերմ ծափահարություններով, ներկայացվեցին հայկական և վրացական երգեր և պարեր։
Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի ժամնակավոր պաշտոնակատար Ահարոն Գաբրիելյանը, ինչպես նաև բազմաթիվ պատվավոր հյուրեր և ծնողներ։ Երեկոյի ավարտին Մարկուս Ռիտերը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ մասնակիցներին մաղթելով նորանոր հաջողություններ։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև Ահարոն Գաբրիելյանը։ Վրացական «Լազարուս» հիմնադրամի տնօրեն Ռեզո Շարաբիձեն իր շնորհակալական խոսքում բարձր գնահատեց հյուրընկալությունն ու կազմակերպչական մակարդակը։ Թեև ճամբարը ավարտվեց, սակայն մասնակիցների հետ մնացին լավագույն հիշողությունները, նոր ձևավորված ընկերությունները, ինչպես նաև ձեռք բերված փորձն ու հմտությունները։ «Սիրանույշ» ճամբարում անցկացված այս տասնօրյակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ երիտասարդները հանդիպում ու միավորվում են մեկ հարկի տակ, ծնվում են հետաքրքիր գաղափարներ ու ձևավորվում ամուր ընկերություններ։

Հիշեցնենք, որ ճամբարը կազմակերպվում է «Համայնքային զարգացում» ՀԿ-ի վաղեմի բարեկամ շվեյցարական HEKS/EPER կազմակերպության աջակցությամբ՝ «Երիտասարդները հանուն խաղաղության Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: