հետեվեք մեզ՝

Ամենամյա միջազգային ամառային ակադեմիա 2025

2025 թվականի հուլիսի 27-ից օգոստոսի 6-ը Վայոց ձորի գեղատեսիլ անկյուններից մեկում՝ Եղեգիսի կիրճում գտնվող «Լյուսի Տուր» հանգստյան գոտին վերածվել էր ակադեմիական և միջմշակութային երկխոսության յուրօրինակ կենտրոնի։ Այստեղ անցկացվեց ամենամյա միջազգային ամառային ակադեմիան, որն արդեն դարձել է «Համայնքային զարգացում» հասարակական կազմակերպության կարևորագույն կրթական նախաձեռնություններից մեկը: Ակադեմիան կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի և Գերմանիայի Մյունսթերի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետների հետ համագործակցությամբ՝ մեկ հարկի տակ համախմբելով շուրջ 40 մասնակիցների Հայաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Վրաստանից։ Ստեղծվեց բազմաշերտ կրթական, գիտական և մշակութային միջավայր՝ խթանելով գիտելիքի և փորձի փոխանակումը։

Ակադեմիայի այս տարվա խորագիրը՝ «Պատմական նարատիվներ եւ ժամանակակից մարտահրավերներ. Հայաստանի մշակույթը, կրոնը եւ հասարակությունը», ընդգրկում էր լայն թեմատիկ շրջանակ՝ պատմություն, մշակույթ, սոցիոլոգիա, խաղաղաշինություն, աստվածաբանություն և կրոնագիտություն։ Օրակարգը հագեցած էր դասախոսություններով, սեմինարներով, վերլուծական քննարկումներով և ճանաչողական այցերով, որոնք նպաստում էին թեմաների խորքային և համակողմանի ընկալմանը։
Մասնակիցներին առաջին օրը ողջունի և օրհնության խոսքն ուղղեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։ Նա նաև ներկայացրեց Հայաստանի ու տարածաշրջանի ներկայիս վիճակը` Արցախյան վերջին պատերազմից և արցախահայության բռնի տեղահանումից հետո։

Դասախոսություններով հանդես եկան ինչպես տեղական, այնպես էլ միջազգային առաջատար գիտնականներ և փորձագետներ։ Նրանց թվում էին՝ դոկտոր-պրոֆեսոր Ռեգինա Էլզներ (Մյունսթերի համալսարան), դոկտոր Հարություն Հարությունյան (ԵՊՀ), ցեղասպանագիտության առաջատար մասնագետ դոկտոր-պրոֆեսոր Տեսա Հոֆման (Բեռլինի համալսարանի), դոկտոր-պրոֆեսոր Դանիել Ցյուրանկա (Հալլեի համալսարան), դոկտոր Դագմար Հելլեր (Բենսհայմի միջեկեղեցական հետազոտությունների ինստիտուտ), դոկտոր Դորիս Գյունթեր-Կրիգել (Հալլեյի համալսարան), դոկտոր-պրոֆեսոր Ուլրիխ Հեքել (Թյուբինգենի համասալան), դոկտոր Շուշան Խաչատրյան (Ցեղասպանության ինստիտուտ) և դոկտոր Արմինե Մելքոնյան (Մաշտոցյան Մատենադարան), Դոկտոր Սևակ Ղազարյանը(Պարույր Սևակի տուն-թանգարարան)։ Նրանց ելույթները ոչ միայն անդրադառնում էին պատմական իրադարձություններին և դրանց ազդեցությանը մերօրյա իրողությունների վրա, այլև խորությամբ վերլուծում էին կրոնի, մշակույթի և հասարակության փոխազդեցությունները տարածաշրջանային և գլոբալ գործընթացների համատեքստում։

Ակադեմիայի շրջանակում տեղի ունեցավ նաև հանդիպում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվեցին տարածաշրջանի անվտանգային իրավիճակն ու կայուն խաղաղության հաստատման հեռանկարներին վերաբերող հարցեր։

Մեծ հետաքրքրություն առաջացրին նաև տեղական մասնագետների մասնակցությունը։ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը կիսվեց իր փորձով որպես զորամասի գնդերեց և համայնքային քահանա՝ շեշտելով հոգևոր առաջնորդության դերը հանրային կյանքում։ Սևակ Ղազարյանը ներկայացրեց «Մաշտոց» հրատարակչության գործունեությունը և դրա դերը հայագիտության և աստվածաբանության զարգացման մեջ։ Շուշան Խաչատրյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացած հանդիպման ժամանակ խոսեց Հայոց ցեղասպանության աստվածաբանական մեկնաբանությունների մասին՝ ընդգծելով դրանց արդիականությունը և կարեւորությունը։ Արմինե Մելքոնյանը Մատենադարանում ներկայացրեց հայկական ձեռագրերի պահոցների պատմությունը՝ 5-րդ դարից մինչև մեր օրերը՝ կարևորելով դրանց նշանակությունը ազգային ինքնության և հիշողության պահպանման հարցում։

Ընդհանուր քննարկումների առանցքում էին պատմական հիշողության վերարժևորումը, կրոնի դերը քաղաքական ու ռազմական հակամարտություններում, Արցախի կորստի հոգեբանական և հասարակական հետևանքները, ինչպես նաև խաղաղության մշակույթի ձևավորման առաջնահերթությունները։ Դասընթացներն ընթանում էին ինտերակտիվ ձևաչափով՝ ակտիվ հարցուպատասխաններով, մասնակիցների և դասախոսների միջև երկխոսությամբ, ինչը նպաստում էր թեմաների խորքային ընկալմանը։
Ամառային ակադեմիան աչքի էր ընկնում իր միջեկեղեցական և միջմշակութային բնույթով։ Մասնակիցների և բանախոսների մշակութային ու աշխարհայացքային բազմազանությունը նպաստեց արժեքային և մշակութային երկխոսության։ Ակադեմիայի ընթացքում ձևավորվեցին նոր բարեկամություններ, որոնք ապագա մասնագիտական համագործակցությունների և կրթական նախաձեռնությունների համար իրական հիմք կարող են լինել։

Դասախոսություններին զուգահեռ կազմակերպվեցին ճանաչողական այցեր՝ Հայաստանի պատմամշակութային վայրեր։ Մասնակիցներն այցելեցին Նորավանքի վանական համալիր, Արենի-1 քարանձավ, Զորաց եկեղեցի, Միջնադարյան հրեական գերեզմանատուն, Սևանա լիճ, Նորատուսի պատմական գերեզմանատուն, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան։ Այցերը ոչ միայն գիտական ու մշակութային արժեք ունեին, այլև կրում էին հոգևոր նշանակություն։

Ակադեմիան եզրափակվեց ջերմ և անմոռանալի ընթրիքով, որի ընթացքում մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր` ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար դոկտոր Պարգև Բարսեղյանի ձեռամբ։ Վերջին օրը վերածվեց ոչ միայն ծրագրի պաշտոնական ամփոփման, այլև հուզիչ հրաժեշտի՝ լի շնորհակալությամբ, ոգեշնչմամբ և շարունակական համագործակցության ակնկալիքով։

Ամենամյա միջազգային ամառային ակադեմիան իրականացվեց հավատարիմ գործընկերների՝ գերմանական Brot für die Welt, Renovabis և «Ցեղասպանության Ճանաչման Աշխատանքային Միություն» ՀԿ հիմնադրամների աջակցությամբ։ Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ հաստատեց «Համայնքային զարգացում» ՀԿ-ի և նրա գործընկերների տեսլականը՝ նպաստել կրթված, արժեքային համակարգով և խաղաղասիրական մտածողությամբ առաջնորդվող նոր սերնդի ձևավորմանը։