հետեվեք մեզ՝

Հայ-շվեյցարական երիտասարդական փոխանակման ծրագիրը Վայոց ձորում

Հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը Վայոց ձորի Սիրանույշ ճամբարում իրականացավ հայ-շվեյցարական երիտասարդական փոխանակման ծրագիրը, որը կազմակերպվել էր «Համայնքային զարգացում» ՀԿ-ի և շվեյցարական «Youth Exchanges without Borders» կազմակերպության համատեղ ջանքերով։ Ծրագիրը միավորվել էր 20 երիտասարդների Հայաստանից և Շվեյցարիայից մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ սովորել միմյանցից, ճանաչել տարբեր մշակույթներ, կիսվել գաղափարներով ու ձևավորել բաց ու վստահության վրա հիմնված երկխոսություն։

Այս տարվա առանցքային թեման գլոբալիզացիան էր։ Սեմինարների և քննարկումների միջոցով մասնակիցները համատեղ վերլուծեցին գլոբալիզացիայի ազդեցությունը համայնքային կյանքի, մշակութային ինքնության, արժեքային համակարգերի և մարդկային հարաբերությունների վրա։

Տեսական քննարկումներին զուգահեռ իրականացվեցին ճանաչողական այցեր և արշավներ։ Երիտասարդները բացահայտեցին Վայոց ձորի մշակութային ու պատմական հուշարձանները՝ այցելելով Նորավանք, Արենիի քարանձավ, Զորաց եկեղեցի, ինչպես նաև ծանոթացան Աղասաֆի փորձագիտական այգու գործունեությանը գլոբալիզացիայի համատեքստում։ Ծրագրի եզրափակիչ օրը անցկացվեց Երևանում, որի շրջանակում մասնակիցներն այցելեցին նորարարական տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան։

Հայ-շվեյցարական երիտասարդական ճամբարը յուրօրինակ հարթակ է նոր գաղափարների և մշակույթների միաձուլման համար։ Ծրագրի ավարտին մասնակիցները միմյանցից բաժանվեցին կրկին հանդիպելու ակնկալիքով։

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն վստահ է, որ նման նախաձեռնությունները երկարաժամկետ ազդեցություն ունեն թե՛ անհատների, թե՛ համայնքների վրա։