հետեվեք մեզ՝

Նոր մասնագիտություն՝ նոր հնարավորություններ

Հրաշալի է տեսնել, երբ մարդկանց աչքերում կրկին փայլում է հույսը, և վերածնվում է երբեմնի մարած հավատը։ Նրանք, ովքեր տեսել են կորուստներ ու հուսահատություն, այսօր կանգնած են նոր կյանքի շեմին՝ զինված նոր հմտություններով ու վճռականությամբ։
«Համայնքային զարգացում» ՀԿ-ի և ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպության համատեղ ջանքերով ամիսներ առաջ մեկնարկեց զոդման դասընթաց, որը նախատեսված էր Արցախից բռնի տեղահանված և տեղացի խոցելի անձանց համար։ Այսօր՝ ամիսներ անց, դասընթացի մասնակիցներն արդեն ավարտում են ծրագիրը՝ իրենց հետ տանելով ոչ միայն նոր մասնագիտական գիտելիքներ, այլև հստակ հավատ, որ կարող են նոր միջավայրում զգալ ապահով, դառնալ պահանջված մասնագետներ և սեփական աշխատանքի շնորհիվ վաստակել արժանապատիվ ապրուստ։

Դասընթացը վարել է լիցենզավորված և փորձառու մասնագետ Վալեր Հովհաննիսյանը, որը մասնակիցներին փոխանցել է ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ։ Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր, ինչպես նաև տրամադրվեցին անհրաժեշտ գործիքներ և տեխնիկա, ինչը նրանց համար հնարավորություն կստեղծի գործնական քայլեր անել թե՛ աշխատանքի որոնման, թե՛ սեփական ծառայությունների մատուցման ուղղությամբ։
Այս նախաձեռնությունը ևս մեկ վկայությունն է այն տեսլականի, որով առաջնորդվում են «Համայնքային զարգացում» ՀԿ-ն և իր գործընկերները՝ աջակցել մարդկանց հաղթահարել դժվարությունները և կառուցել ինքնուրույն ու արժանապատիվ ապագա։