Վայոց ձորում բնակվող մի խումբ կանայք այսօր առավել քան վստահ են իրենց ապագայի հանդեպ՝ շնորհիվ ձեռք բերած հմտությունների և ստացած աջակցության։ Այս դրական փոփոխությունն իրականություն է դառնում «Համայնքային զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող «Մեղվաբուծություն կանանց համար» ծրագրի շրջանակում՝ գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության աջակցությամբ։
Ծրագրի շրջանակում կազմակերպված մեղվաբուծության սեմինարների ընթացքում կանայք ձեռք են բերում ինչպես տեսական, այնպես էլ գործնական հմտություններ՝ որոնք հնարավորություն են տալիս իրենց համայնքներում զբաղվել մեղվաբուծությամբ՝ հոբբին դարձնելով աշխատանք՝ կայուն եկամտի աղբյուր։
Մասնակիցների ոգևորությունը չափազանց մեծ էր, երբ որպես խրախուսանք, նրանք ստացան լիովին համալրված մեղվափեթակներ՝ վերնահարկերով և շրջանակներով, ինչպես նաև հակատզային միջոցներ, պաշտպանիչ ձեռնոցներ և այլ անհրաժեշտ պարագաներ։ Այս գործիքները էականորեն թեթևացնում են աշխատանքային գործընթացը և բարձրացնում մեղվաբուծական գործունեության արդյունավետությունը։
Ծրագրի շնորհիվ կանայք ոչ միայն ստանում են նոր մասնագիտական հմտություններ, այլև վերագտնում են սեփական ներուժը։ Տրված աջակցությունն ունի ոչ միայն նյութական, այլև հոգեբանական կարևորություն՝ նպաստելով կանանց ինքնավստահության ամրապնդմանը և նոր հնարավորությունների բացահայտմանը։








