հետեվեք մեզ՝

Եռօրյա Հավաքներ՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար

Պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքները նոր միջավայրում հաճախ են բախվում բազմաթիվ դժվարությունների՝ ինչպես նյութական, այնպես էլ հոգեբանական։ Այս մարտահրավերները հաղթահարելու նպատակով «Համայնքային զարգացում» ՀԿ-ն, գերմանական Renovabis կազմակերպության աջակցությամբ, Արցախից բռնի տեղահանված և Վայոց ձորում բնակություն հաստատած ընտանիքների համար երկու փուլով կազմակերպել էր եռօրյա ինտեգրացիոն հավաքներ։
Հավաքի ընթացքում մասնակիցները ծանոթացան միմյանց հետ՝ ձևավորելով վստահության և համախմբվածության յուրահատուկ մթնոլորտ։ Մեծահասակների համար նախատեսված խմբային հանդիպումները հոգեբանի և հոգևոր սպասավորների հետ անցան ջերմ և ինտերակտիվ միջավայրում։ Քննարկվող թեմաները վերաբերում էին ընտանիքների ամենաակտուալ և մտահոգիչ հարցերին, ինչի շնորհիվ ծնողները կարողացան անկաշկանդ կիսվել իրենց խնդիրներով, ինչպես նաև ստանալ անհատական խորհրդատվություն։ Հրավիրյալ մասնագետները, ինչպես նաև կազմակերպության խորհրդատու դոկտոր Հարություն Հարությունյանը կիսվեցին կարևոր ու օգտակար խորհուրդներով, թե ինչպես հաղթահարել սթրեսը, ինչպես հոգ տանել երեխաների հոգեկան առողջության մասին, ինչը կենսական նշանակություն ունի հատկապես նման իրավիճակում հայտնված ընտանիքների համար։

Մինչ ծնողները մասնակցում էին հանդիպումներին, երեխաները զբաղված էին զարգացնող և թիմային խաղերով, որոնք կազմակերպել էր մանկական հոգեբանը։ Այս խաղերի շնորհիվ երեխաները մտերմացան միմյանց հետ, ձեռք բերեցին նոր ընկերներ և հաղթահարեցին լարվածությունը։ Նրանց աչքերում փայլում էր մանկական անհոգ ու չարաճճի ժպիտը՝ ասես հուշելով՝ «Մենք մենակ չենք․․․»։
Այս եռօրյա հավաքները դարձան հույսի, վերականգնման և միասնականության կարևոր հարթակ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար՝ ցույց տալով, որ նրանք մենակ չեն իրենց բաժին հասած փորձությունների դեմ պայքարում։