հետեվեք մեզ՝

Սերունդների երկխոսություն արվեստի միջոցով

Եղեգնաձորի համայնքային կենտրոնը կրկին մարդաշատ էր՝ լի ժպիտներով ու հուզմունքով։ Յուրօրինակ ձևաչափով կազմակերպված ցուցահանդեսը համախմբել էր նկարչական խմբակի սաների գունեղ կտավները և կարուձևի ու մոդելավորման խմբակի կանանց նրբաճաշակ աշխատանքները՝ ստեղծելով ջերմ ու ստեղծագործ մթնոլորտ։

Երեխաները չարաճճի ժպիտներով փորձում էին պարզել՝ արդյոք ծնողները կճանաչեն իրենց կտավները, իսկ կանայք, թաքուն հպարտությամբ ու հուզմունքով, ներկայացնում էին իրենց ձեռքի աշխատանքները։ Ամիսներ առաջ նրանք միայն սկսում էին ծանոթանալ կարուձևի արվեստին, իսկ այսօր արդեն ներկայացնում են իրենց ստեղծագործությունները ցուցահանդեսում և ստանում իրենց առաջին մասնագիտական հավաստագրերը։

Այս նախաձեռնությունը խորհրդանշական խաչմերուկ էր՝ երկու սերունդների և տարբեր աշխարհների միջև․ խաչմերուկ, որտեղ մանկական պարզությունն ու անկեղծությունը հանդիպել էին ցավի ու զրկանքների միջով անցած, բայց չընկճվող և նորից սովորելու պատրաստ ոգուն։

Այս ցուցահանդեսը ևս մեկ անգամ վկայում է, որ «Համայնքային զարգացում» ՀԿ-ն, իր գործընկերների հետ միասին, ստեղծում է հնարավորություններ, որտեղ տարբեր ճակատագրեր միահյուսվում են մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ հզորանալու, զարգանալու և նոր հմտություններ ձեռք բերելու համար։ Խմբակները ոչ միայն փոխանցում են գործնական հմտություններ, այլև օգնում են մարդկանց վերագտնել իրենց, ինտեգրվել նոր միջավայրում և բացահայտել իրենց ներքին ուժն ու հնարավորությունները։

Նշենք, որ նկարչական խմբակը գործում է գերմանական Renovabis կազմակերպության աջակցությամբ՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված երեխաների հոգեբանական աջակցությանը և ինտեգրմանը, իսկ կարուձևի խմբակը՝ գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության «Աջակցություն սահմանամերձ սոցիալապես խոցելի խմբերին և տեղահանվածներին» ծրագրի շրջանակում։