«Համայնքային զարգացում» ՀԿ-ում մեկնարկել է աշխատանքային պրակտիկա ծրագիրը

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության հետ համագործակցությամբ մեկնարկել է եռամսյա աշխատանքային պրակտիկա ծրագիրը, որը նախատեսված է 21-35 տարեկան ակտիվ և նպատակասլաց երիտասարդների համար։

Ծրագրի հիմքում «learning by doing»՝ «սովորել գործելով» մեթոդն է։ Այս մոտեցման շնորհիվ մասնակիցները, ստանալով տեսական գիտելիքներ, անմիջականորեն մասնակցում են իրական նախագծերի պլանավորմանը և իրականացմանը։ Մեթոդը նպաստում է նախաձեռնողականության, ստեղծարար մտածողության և թիմային աշխատանքի հմտությունների ձևավորմանը և զարգացմանը։

Պրակտիկայի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում ժամանակակից աշխատաշուկայում պահանջված հմտությունների զարգացմանը, մասնավորապես՝

արդյունավետ հաղորդակցմանը՝ բանավոր և գրավոր ձևաչափերով,

անգլերենի գործնական կիրառությանը՝ գրավոր և բանավոր հաղորդակցության շրջանակում, մեդիագրագիտությանը և այլն։

Ծրագրի շրջանակում մասնակիցները կարողանում են բացահայտել իրենց հետաքրքրությունների շրջանակը, ստանալ ուղղորդում և ձեռք բերել այն փորձը, որը կենսական նշանակություն ունի ժամանակակից աշխատաշուկայում կայուն և վստահ քայլերով առաջ շարժվելու համար։

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն հավատում է, որ ուժեղ համայնքը ձևավորվում է ներգրավված, կրթված և գիտակից երիտասարդների շնորհիվ։ Այս նախաձեռնությունը ոչ միայն խթանում է անհատական աճը, այլև նոր որակ է բերում մարզի համայնքային կյանքին՝ ներգրավելով նորարար, սրտացավ և ակտիվ մասնակիցներ։

Պատասխանել