Պարը որպես ինքնադրսևորման և վերաինտեգրման հարթակ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Համայնքային զարգացում» ՀԿ-ի ու գերմանական Renovabis կազմակերպության համագործակցության շրջանակում գործում են պարի ու նկարչականի խմբակներ, որտեղ Արցախից տեղահանված երեխաներն ու պատանիները հնարավորություն ունեն մշակութային միջավայրում լիարժեք ինքնադրսևորվելու և ինտեգրվելու իրենց հասակակիցների շրջանում։

Օրերս պարի սրահում իսկական իրարանցում էր։ Խմբակի երեխաները հյուրերի ու իրենց ծնողների համար բաց դաս էին պատրաստել, որի ընթացքում ներկայացան ազգային տարբեր պարերով՝ ցուցադրելով այն, ինչ սովորել էին այս կարճ ժամանակահատվածում: Երեխաները պարում էին մեծ ոգևորությամբ, իսկ ծնողները հուզմունքով և հպարտությամբ հետևում էին նրանց պարին ու ժպիտներին:

Ամփոփելով դասը՝ պարուսույց Անուշ Մարտիրոսյանը ոգևորությամբ ընդգծեց․ «Խմբակը երեխաների համար միայն պար սովորելու վայր չէ։ Այստեղ նրանք գտել են ընկերներ, սովորել են միասին ու համախմբված աշխատել։ Այսօր մենք մի մեծ ընտանիք ենք դարձել»: Նա նաև ուրախությամբ հավելեց, որ արդեն ստացել են համայնքային տարբեր մշակութային միջոցառումների մասնակցելու հրավերներ:

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ վկայում է, որ արվեստը՝ հատկապես պարը, սահմաններ չի ճանաչում, այն զորեղ ուժ է ցավը վերափոխելու և ապագայի նկատմամբ հավատ ներշնչելու համար։

Պատասխանել