Սեմինար «Ագրոէկոլոգիայի հիմունքները խաղողագործության մեջ» թեմայով

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Համայնքային զարգացում» հասարակական կազմակերպությունը «Գյուղական համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում օրերս կազմակերպեց սեմինար՝ «Ագրոէկոլոգիայի հիմունքները խաղողագործության մեջ» թեմայով։ Նախաձեռնության նպատակն էր օժանդակել խաղողագործներին կիրառելի դարձնել ագրոէկոլոգիական սկզբունքները՝ ապահովելով շրջակա միջավայրի անվտանգությունը և նպաստելով ոլորտի կայուն զարգացմանը։

Սեմինարի բանախոս, «Շեն» բարեգործական ՀԿ-ի գյուղատնտեսական ծրագրերի համակարգող և «Բալենի Ագրո Խորհրդատվություն» ՍՊԸ-ի տնօրեն Նվարդ Շահմուրադյանը ներկայացրեց խաղողագործության հիմնարար սկզբունքները՝ համադրելով միջազգային և տեղական լավագույն փորձը։ Նա ընդգծեց նորարարական մեթոդների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը, ինչպես նաև ինտենսիվ խաղողագործության առանձնահատկությունները՝ դիտարկելով ոլորտը ոչ միայն որպես գյուղատնտեսական ճյուղ, այլև որպես մշակութային ժառանգության կարևոր բաղադրիչ։

Միջոցառմանը մասնակցեցին ինչպես փորձառու խաղողագործներ, այնպես էլ ոլորտով հետաքրքրված սկսնակներ։ Սեմինարի գործնական հատվածում մասնակիցներն այցելեցին Աղասաֆի փորձացուցադրական այգի:

Այս սեմինարը մասնակիցներին հնարավորություն տվեց ոչ միայն հարստացնելու իրենց մասնագիտական գիտելիքները և ծանոթանալու ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաներին, այլև ստեղծեց արդյունավետ միջավայր փորձի փոխանակման և նոր համագործակցությունների ստեղծման համար։

Հավելենք, որ մասնակիցները հաջորդիվ կմասնակցեն երկօրյա դասընթացի, որի ընթացքում կծանոթանան բիզնես պլան գրելու առանձնահատկություններին։ Լավագույնները հնարավորություն կունենան մասնակցելու փոխանակման այցերին դեպի Վրաստան՝ միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով։

Պատասխանել