Թառաթումբի համայնքային կենտրոնը կրկին մարդաշատ էր: Այս անգամ կենտրոնի պատերը զարդարված էին բատիկի խմբակի սաների ստեղծագործություններով՝ պայծառ գույների և նրբագեղ նախշերի համադրությամբ։ Ցուցահանդեսին ներկայացված էին ձեռքով նկարազարդված կտորե պայուսակներ, շարֆեր, շապիկներ, որոնք աչքի էին ընկնում ազգային մոտիվներով, գունային նուրբ համադրությամբ և ինքնատիպ լուծումներով։
Երեխաները մեծ խանդավառությամբ ներկայացնում էին իրենց աշխատանքները, սակայն ամենամեծ բերկրանքն ապրում էին այն պահին, երբ հաջողվում էր վաճառել իրենց աշխատանքներից։ Սա ոչ միայն մեծ ուրախություն էր երիտասարդ ստեղծագործողների համար, այլև առաջին քայլ՝ արվեստով ինքնուրույն վաստակելու և տաղանդը գնահատված զգալու ճանապարհին։
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։ Հատկանշական է, որ խմբակի շնորհալի սաներից ոմանք արդեն գտել են հովանավորներ, որոնք պատրաստ են օժանդակել նրանց հետագա գործունեությունը՝ նպաստելով նրանց ստեղծագործական զարգացմանը։
Բատիկա խմբակը իրականացվել է «Համայնքային զարգացում» ՀԿ-ի կողմից «Գյուղական համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում։
Պատասխանել