Էկոլոգիական անկյուն Գետափի «Արևիկ» մանկապարտեզում

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Բնապահպանական դաստիարակությունը մանկական տարիքում առանցքային նշանակություն ունի, քանի որ այդ շրջանում են ձևավորվում երեխաների արժեհամակարգը, մտածելակերպը և աշխարհայացքը։

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն, կարևորելով բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված քայլերը, գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության ֆինանսավորմամբ «Գյուղական համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում Գետափի «Արևիկ» մանկապարտեզում կահավորեց փոքրիկ էկոլոգիական անկյուն՝ որպես բնության ճանաչման և պահպանության կարևոր կրթական հարթակ։

Էկոլոգիական անկյան բացումը նշանավորվեց գեղեցիկ բաց դասով, որի ընթացքում պարտեզի միջին խմբի սաները ներկայացրին անտառի և վայրի կենդանիների հեքիաթային աշխարհը՝ իրենց պատկերացմամբ։

Զրույցի ընթացքում մանկապարտեզի տնօրեն Սոֆյա Գայստյանն ընդգծեց, որ էկոլոգիական անկյունը հիանալի հնարավորություն է ստեղծում թեմատիկ դասերի անցկացման համար։ Ինտերակտիվ մեթոդներն ու դիդակտիկ նյութերն օգնում են փոքրիկներին ավելի լավ  ճանաչել և սիրել բնությունը։

Գետափի «Արևիկ» մանկապարտեզի էկոլոգիական անկյունը վառ օրինակն է այն բանի, թե ինչպես կարելի է մանկուց սերմանել բնության հանդեպ սեր և հոգատարություն՝ նրանց դարձնելով ավելի գիտակից, պատասխանատու և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար անձինք։

Պատասխանել