Թառաթումբի համայնքային կենտրոնում անսովոր եռուզեռ էր։ Մաքրամեի խմբակի կանայք անհամբերությամբ սպասում էին իրենց հյուրերին՝ ներկայացնելու առաջին ձեռքագործ աշխատանքները։ Ցուցահանդեսը խորհրդանշական անվանում ուներ՝ «Ոսկե ձեռքեր»։
Նրանք ոգևորված ցուցադրում էին իրենց առաջին գործերը՝ խնամքով հյուսված ծաղկամաններ, նրբագեղ պայուսակներ և այլ դեկորատիվ տարրեր։ Թեև դեռ նոր էին այս ոլորտում, յուրաքանչյուր ստեղծագործություն արտահայտում էր անհատականություն և ինքնատիպություն։ Մասնակիցները հպարտությամբ պատմում էին իրենց աշխատանքների մասին։ Շատերն ընդգծում էին, որ խմբակն իրենց համար դարձել է ոչ միայն հոբբիի, այլև ինքնարտահայտման ու նույնիսկ փոքր եկամտի աղբյուր։ Ոմանք արդեն ստացել էին առաջին պատվերները, իսկ մյուսները ոգևորված էին շարունակելու սովորել ու կատարելագործվել։
Բացման խոսքում Համայնքային կենտրոնի համակարգող Երազիկ Վարդանյանը նշեց, որ երեք ամիսների ընթացքում մասնակիցներն անցել են ինքնաբացահայտման և նոր հմտություններ ձեռք բերելու յուրօրինակ ճանապարհ։ Նա նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց դասընթացավարին՝ Արմինե Ալեքսանյանին, որի պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության շնորհիվ խմբակի անդամները հասել էին նման տպավորիչ արդյունքի։
Ցուցահանդեսի ավարտին հնչեցին շնորհակալական խոսքեր ու ջերմ բարեմաղթանքներ։ «Ոսկե ձեռքեր»-ը ոչ միայն գեղեցիկ ցուցադրություն էր, այլև համայնքի միասնականության, ստեղծագործության ու կանանց ուժի խորհրդանիշ։
Պատասխանել