Կանանց դերը մեղվաբուծության զարգացման մեջ․ հերթական մասնագիտական հանդիպումը

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն «Մեղվաբուծություն կանանց համար» ծրագրի շրջանակում պարբերաբար կազմակերպում է սեմինարներ, որոնք հնարավորություն են տալիս մասնակիցներին ձեռք բերել անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, ծանոթանալ ոլորտի նորարարական մոտեցումներին ու լավագույն փորձին։

Հերթական սեմինարը տեղի ունեցավ մարտի 1-ին, որը վարեց «Արմբի» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Վիգեն Մնացականյանը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան մեղվաբուծության արդի մարտահրավերներին, նորարարական տեխնոլոգիաներին և ոլորտի զարգացման հնարավորություններին։ Սեմինարի ընթացքում բովանդակալից ու արժեքավոր տեղեկատվությանը զուգահեռ Վիգեն Մնացականյանը ներկայացրեց ժամանակակից մեղվաբուծական գործիքներ, որոնք էականորեն բարձրացնում են աշխատանքի արդյունավետությունն ու արտադրողականությունը։ Նա նաև ծանոթացրեց խելացի մեղվափեթակի մոդելին, որն ապահովում է մեղուների համար կայուն ջերմաստիճան ու նվազեցնում մարդու միջամտության անհրաժեշտությունը։ Մասնակիցների համար յուրօրինակ մոտիվացիա դարձավ բանախոսի անձնական փորձը, որով նա կիսվեց՝ բացահայտելով, թե ինչպես կարելի է սիրելի զբաղմունքը վերածել կայուն եկամտի աղբյուրի։

Սեմինարի հագեցած և ինտերակտիվ ձևաչափը մասնակիցներին ոգեշնչեց նոր գաղափարներով և համագործակցության հնարավորություններով։ Նրանք ցանկություն հայտնեցին շարունակել հանդիպումները՝ ամրապնդելով փոխայցերով և գործնական պարապմունքներով։

«Մեղվաբուծություն կանանց համար» ծրագիրը ոչ միայն կրթական նախաձեռնություն է, այլև համայնքների զարգացմանը միտված հզոր հարթակ, որը խթանում է նորարարությունը, կանանց հզորացումն ու մեղվաբուծության կայուն զարգացումը Վայոց ձորում։

Պատասխանել