Կարևորելով տարիների հարուստ փորձն ու Վայոց ձորի մարզում մեղվաբուծության զարգացման ներուժը՝ «Համայնքների զարգացում» ՀԿ-ն գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության աջակցությամբ իրականացնում է «Մեղվաբուծություն կանանց համար» ծրագիրը, որի նպատակն է խթանել կանանց ներգրավվածությունը մեղվաբուծության ոլորտում: Ծրագրի անբաժանելի մասն է եղել մեղվաբույծ կանանց փորձի փոխանակման և նոր հմտությունների ձեռքբերման հնարավորությունը։
Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ծրագրի վերապատրաստման ամփոփիչ դասընթացը, որը անցկացրեց գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության հետ համագործակցող փորձագետ, դոկտոր Ալմուտ Շուլթհայսը։ Դասընթացն ընդգրկում էր մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ մեղվաընտանիքների բուժման և վարրոա տզերի դեմ արդյունավետ պայքարի մեթոդները: Դոկտոր Շուլթհայսը մասնակիցներին ներկայացրեց ինչպես գիտական, այնպես էլ գործնական հմտություններ, որոնք կօգնեն նրանց ավելի արդյունավետ պայքարել վնասատուի դեմ: Բացի այդ, դասընթացի ընթացքում քննարկվեցին ծրագրի հեռանկարներն ու 2025 թվականին սպասվող նոր հնարավորությունները։
Դասընթացի մասնակիցներին տրամադրվեցին մեղվաբուծության համար անհրաժեշտ գործիքներ և թունաքիմիկատներից պաշտպանվելու համար նախատեսված դիմակներ։ Այս միջոցառումներն անշուշտ կօգնեն աշխատանքային գործընթացին՝ պահպանելով մասնակիցների առողջությունը։
«Մեղվաբուծությունը կանանց համար» ծրագիրը շարունակելու է իր առաքելությունը՝ ստեղծելով նոր հնարավորություններ ոլորտի կայուն զարգացման և մեղվաբուծության մեջ կանանց ներգրավման համար։ Հուսով ենք՝ 2025 թվականը կլինի մեղվաբուծության համար բեղմնավոր տարի։
Պատասխանել