«Գտնված երազ»․ կնոջ ուժն ու ստեղծագործական ոգին

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Թառաթումբի համայնքային կենտրոնում մեկնարկած հագուստի մոդելավորման խմբակի ավարտը նշանավորվեց յուրօրինակ և գեղեցիկ ցուցահանդեսով: Մասնակիցների առաջին աշխատանքները ներկայացված էին «Գտնված երազ» խորագրի ներքո, որը լիովին արտահայտում էր ցուցահանդեսի էությունը:

Միջոցառման ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով և ձեռքբերումներով: Հասուն ու կայացած կանայք մանկան խանդավառությամբ ներկայացնում էին իրենց առաջին աշխատանքները, որոնք վկայում էին մեծ ջանքերի ու նոր ձեռքբերումների մասին:

Ռիման, որը խմբակի ավագ մասնակիցն էր, հուզմունքով պատմում էր. «Մանկուց երազել եմ կար ու ձև սովորել, բայց երբևէ հնարավորություն չի տրվել: Այսօր ես գտա իմ երազը»: Այս խոսքերը դարձան օրվա յուրահատուկ և խորհրդանշական ուղերձը:

«Գտնված երազ»-ը իրականություն դարձավ Ռուզաննա Մեհրաբյանի անմնացորդ նվիրումի և ջանքերի շնորհիվ: Մասնակիցները հույս հայտնեցին, որ ծրագիրը շարունակական կլինի՝ հնարավորություն տալով ավելի խորացնել ստացած գիտելիքները և կիրառել դրանք գործնականում: «Այս ծրագիրը ոչ միայն նոր հմտություններ տվեց, այլև ապացուցեց, որ տարիքից և հանգամանքներից անկախ կարող ենք հասնել մեր երազանքներին»․- ոգևորված նշեց մասնակիցներից մեկը: Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվեցին ավարտական վկայականներ:

«Գտնված երազ» ցուցահանդեսը նոր պատմության և ձեռքբերումների սկիզբ է․ ապացույց, որ ցանկությունը և ջանքերը կարող են հաղթահարել ցանկացած արգելք։

Ծրագիրն իրականացվել է «Համայնքային զարգացում» ՀԿ-ի կողմից՝ գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության աջակցությամբ։

Պատասխանել