«Համայնքային զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Համայնքային զարգացում» ՀԿ-ում դարձյալ հաճելի խառնաշփոթ էր․ այս անգամ իրենց ներկայությամբ մեզ պատվել էին ֆրանսիացի գործընկերները՝ L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչները և հովանավորները, ինչպես նաև կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչներ Լյուկ և Բլանդին Բուրոները: Այցի նպատակն էր ծանոթանալ ընթացիկ և կատարված աշխատանքներին, քննարկել ապագա համագործակցությանն առնչվող մանրամասներ։

Հանդիպման ընթացքում հյուրերը ծանոթացան «Համայնքային զարգացում» ՀԿ-ի գործունեությանը, սոցիալական, ինտեգրացիոն, երիտասարդական բազմաթիվ ծրագրերին։ Ապա հանդիպեցին Արցախից բռնի տեղահանված և Վայոց ձորում բնակություն հաստատած անձանց հետ, ծանոթացան առկա կարիքներին և խնդիրներին։ Վերջիններս հանդես եկան շնորհակալական խոսքով, ուղղված L’Œuvre d’Orient կազմակերպության և «Համայնքային զարգացում» ՀԿ-ի ներկայացուցիչներին, տրամադրված հոգեբանական և սոցիալական աջակցության համար։

Հանդիպմանը ներկա էր Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ով իր խոսքում ընդգծեց հայ-ֆրանսիական բացառիկ համերաշխության և դարավոր բարեկամության կարևորությունը՝ առանձնահատուկ շեշտելով երիտասարդական կապերի խթանմանն ուղղված ջանքերը։

Հիշեցնենք, որ L’Œuvre d’Orient կազմակերպության աջակցությամբ «Համայնքային զարգացում» ՀԿ-ն իրականացրել էր ինտեգրացիոն/վերականգնողական, հրուշակագործության և խոհարարության ինտենսիվ դասընթացներ՝ նպատակ ունենալով վերականգնել արցախահայության հոգեբանական և ֆիզիկական առողջությունը, նպաստել մասնագիտական հմտությունների ձևավորմանը և զարգացմանը։

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն կարևորում է նման այցերը, որոնք նպաստում են սերտ և արդյունավետ գործընկերային հարաբերությունների խորացմանը և զարգացմանը։

Պատասխանել