«Համայնքային զարգացում» ՀԿ-ն, տարիներ շարունակ լինելով Վայոց ձոր մարզի տարբեր համայնքներում ապրող կարիքավոր ընտանիքների կողքին, քաջատեղյակ լինելով առկա խնդիրներին, մշտապես քայլեր է ձեռնարկում զարգացնել գյուղական բնակավայրերը։ Հերթական կարևոր նախաձեռնությունը Թառաթումբի համայնքային կենտրոնի հիմնադրումն է։ Ուսումնասիրելով և հաշվի առնելով համայնքում առկա ռեսուրսները և առանձնահատկությունները՝ Թառաթումբի համայնքային կենտրոնը միտված է իրականցնել զարգացման տարատեսակ ծրագրեր, խթանել համայնքային բնակչության և երիտասարդության ակտիվությունը։
Այսօր, շնորհիվ կենտրոնի աշխատանքների, Թառաթումբում գործում են հագուստի մոդելավորման և բատիկի խմբակներ, որոնց մասնակցում են տեղի և հարակից բնակավայրերի կանայք և պատանիները։ Հագուստի մոդելավորում խմբակի նպատակն է զարգացնել կանանց արհեստագործական կարողությունները, գործազրկությունից ուղղորդել ինքնազբաղվածության։ Զուգահեռ գործող բատիկի խմբակը միտված է մասնակիցներին ծանոթացնել հայկական զարդանախշերին, ստեղծել յուրահատուկ նկարազարդ աշխատանքներ, դաստիարակել ազգային արժեքները գնահատող պատանիներ։
Համայնքում երիտասարդության կյանքը հետաքրքիր և աշխույժ դարձնելու նպատակով կենտրոնը պարբերաբար կազմակերպում է ճանաչողական արշավներ, բնապահպանական դասընթացներ, կինոդիտումներ, որոնց մեծ ոգևորությամբ մասնակցում են թե՛ Թառաթումբի, թե՛ հարակից բնակավայրերի երիտասարդները։
Վստահ ենք՝ մեր ձեռնարկած քայլերը կզարգացնեն և կբարձրացնեն բնակչության՝ հատկապես երիտասարդության կյանքի որակը՝ մոտ ապագայում տալով իրենց պտուղները։
Պատասխանել