Ուսուցիչները մասնակցեցին «Կոնֆլիկտների փոխակերպում և հաղթահարում» եռօրյա դասընթացին

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Ժամանակակից աշխարհում մեծ է ուսուցիչների դերն ուսումնական հաստատություններում սովորողների միջանձնային հարաբերությունների ձևավորման և կոնֆլիկտների հաղթահարման գործընթացում։ Օրերս «Համայնքային զարգացում» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Կոնֆլիկտների փոխակերպում և հաղթահարում» դասընթացը միտված էր վերազինել և վերապատրաստել ուսուցիչներին համապատասխան հմտություններով։

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն հոկտեմբերի 25-27 ընկած ժամանակահատվածում իրականացրեց «Կոնֆլիկտների փոխակերպում և հաղթահարում» թեմայով եռօրյա դասընթաց, որին մասնակցում էին Վայոց ձոր մարզի տարբեր համայնքների դպրոցների ուսուցիչներ։ Դասընթացը ինտերակտիվ էր՝ ներառելով և՛ տեսական, և՛ գործնական հատվածներ։ Դասընթացի ընթացքում քննարկվեցին կրթական հաստատություններում ծնող-ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունների, կոնֆլիկտի դրսևորման, դեռահասության շրջանում կոնֆլիկտների վրա ազդող գործոնների և դրանց հաղթահարման վերաբերյալ թեմաներ։

Հիմնական նպատակն էր բարձրացնել ուսուցիչների իրազեկվածությունը կոնֆլիկտի դերի, դրսևորման, կանխարգելման վերաբերյալ և վերջիններիս միջոցով այդ ամենը տարածել համայնքներում և ուսումնական հաստատություններում։

Ավարտին ուսուցիչներին տրվեցին մասնակցության հավաստագրեր և կոնֆլիկտի կանխարգելման վերաբերյալ ձեռնարկներ։

«Կոնֆլիկտների փոխակերպում և հաղթահարում» դասընթացը վարում էր կրթության ոլորտի փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը։

Դասընթացը կազմակերպվել էր «Երիտասարդները հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում «Համայնքային զարգացում» ՀԿ-ի և վաղեմի գործընկեր շվեյցարական ՀԵԿՍ-ԷՊԷՌ կազմակերպության հետ համագործակցությամբ։

Պատասխանել