Ավելի վաղ, մինչ արցախահայ մեր հայրենակիցներին հյուրընկալելը, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իրականացրեց ևս մեկ էներգիախնայող ծրագիր` «Վայոց ձորի բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում։ Այս անգամ Վայոց ձորի մարզի սահմանապահ Խնձորուտ բնակավայրի միջնակարգ դպրոցին ՀԿ-ն տրամադրեց 16 կիլովատ հզորություն ունեցող արևային կայան։
Սեպտեմբերի 19-ին Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի բարեկամներ Լուսինե Մարտիրոսյանը, Քեթի Աբերը, Դայան Բենքսը, Դեբորա Ռուսեն, Թոմաս, Եվա Թուքդարյանները, ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանը և ՀԿ-ի աշխատակիցները ներկա գտնվեցին արևային կայանի տեղադրման աշխատանքների ավարտին կազմակերպված «Արևով լի խաղաղություն» խորագրով միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էին նաև դպրոցի աշակերտները, ուսուցիչները և ծնողներ։
Արևային կայանի տեղադրումը միաժամանակ լուծում է Խնձորուտ և Նոր Ազնաբերդ բնակավայրերի շուրջ 96 աշակերտների կրթությունն ապահովող դպրոցի ջեռուցման խնդիրը։
Ինչպես Խաչիկ բնակավայրի, այնպես էլ Խնձորուտ բնակավայրի միջնակարգ դպրոցը ծրագրի շնորհիվ կկրճատի դպրոցի բյուջետային ծախսերը՝ թույլ տալով դրանք ուղղել այլ խնդիրների լուծմանը։
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Համլետ Օհանյանը և շնորհակալություն հայտնեց սահմանապահ դպրոցի նկատմամբ ցուցաբերած մեծ ուշադրության և աջակցության համար։ Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Մկրտչյանն իր ելույթի խոսքում անդրադարձավ կրթության ոլորտում օգտակար լինելու կարևորությանը` առավելապես սահմանին մոտ գտնվող բնակավայրերի կրթական հաստատություններում, դպրոցներում։
ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանը ևս կարևորեց կրթության ոլորտում իրականացվող նախաձեռնությունները՝ հույս հայտնելով, որ այդօրինակ աջակցությունները մարզի համար շարունակական բնույթ կկրեն։
Դե իսկ միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին դպրոցի աշակերտները և գյուղի «Սալմաստ» ազգագրական պարերի համույթի սաները՝ հանդես գալով երաժշտական զանազան ելույթներով։
Հիշեցնենք, որ այս ծրագիրը կյանքի կոչվեց ՀԿ-ի երկարաժամկետ գործընկեր գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ։
Պատասխանել