2022 թվականի հոկտեմբերի հինգին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց «Թեքեյան մշակութային ասոցիացիա»-ի ներկայացուցիչներ՝ Ամերիկայի և Կանադայի «Թեքեյան մշակութային ասոցիացիա»-ի կենտրոնական վարչության անդամ Արթօ Մանուկյանին (Կանադա, Մոնրեալ), հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գայանե Մուրադյանին և Ատգեն Արմենյան Հիմնադրամի ներկայացուցիչ Անտուան Թերջանյանին։
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալու «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և ԹՄԱ-ի համատեղ իրականացվող ծրագրերին։
Հանդիպման օրակարգի առաջին հատվածում ՀԿ-ի աշխատակիցները ներկայացրին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ստեղծման պատմությունը, իրականացված և ընթացիկ իրականացվող մի շարք ծրագրերը։
Սոցիալական ծրագրերի պատասխանատու Տաթև Հարությունյանը հյուրերին ներկայացրեց մարզում բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը, մեղվաբուծության զարգացման և փոքր բիզնեսների աջակցությանն ուղղված ծրագրերը։
Գյուղատնտեսական ծրագրերի պատասխանատու Նաիրա Հարությունյանը ներկայացրեց վերջին տարիների ընթացքում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող Վայոց ձորի մարզում պտղաբուծության զարգացման, ոռոգման ջրագծերի, սառնարանային տնտեսության, չրանոցի, մարզում հիմնված փորձացուցադրական այգիների ստեղծման մասին, ինչպես նաև ներկայացվեց Ատգեն Արմենյան Հիմնադրամի օժանդակությամբ մարզում հիմնված ինտենսիվ տնկարանը, որը հիմնվել է բարեգործական նպատակով և մարզի այգեգործներին տրամադրում է անվճար բարձրորակ պտղատու տնկիներ։
Երիտասարդական ծրագրերի պատասխանատու Հասմիկ Գալստյանը հյուրերին ծանոթացրեց մարզի երիտասարդների համար իրականացվող միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրերին՝ մասնավորապես 2022 թվականի օգոստոս ամսին հաջողությամբ կյանքի կոչված հայ-շվեյցարական փոխանակման ծրագրին, հայ-վրացական երիտասարդական փոխանակման ծրագրին, ամառային ճամբարներին և «Երիտասարդական համախմբում» ծրագրին, որն արդեն ունի մեկ տարվա պատմություն։
Ինտեգրացիոն ծրագրերի պատասխանատու Աննա Հովհաննիսյանը ներկայացրեց պարբերաբար անցկացվող պրակտիկաների կազմակերպման և դրանց արդյունքում մարզի աշխատաշուկայում զբաղվածություն ապահովելու ծրագրիը։
Հայաստանում Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի Վայոց ձորի համակարգող Հայարփի Աղախանյանը ներկայացրեց մարզում իրականացվող կրթական ծրագրերը, մարզի երեխաների և երիտասարդների համար կազմակերպվող անգլերեն դասընթացները և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հետ համագործակցության եզրերը։
Կազմակերպությունում այցն ավարտվեց հարց ու պատասխանով և «Հզոր Հայրենիք» բարեգործական ատամնաբուժարանի ծանոթացմամբ, որը ևս «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ծրագրերից է։
ՀԿ-ի աշխատակազմը և «Թեքեյան մշակութային ասոցիացիա»-ի ներկայացուցիչներն այցելեցին նաև Աղասաֆի փորձացուցադրական այգի՝ ծանոթանալու այգու աշխատանքներին և ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շահառուներին։
Երկրորդ օրը մեկնարկեց «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդ ճարտարապետներ»-ի խմբակի ծանոթացմամբ, խմբակում ներգրավված երեխաների աշխատանքների ցուցադրմամբ և գրանցած հաջողությունների ներկայացմամբ։
Խմբակի ծանոթացմանը հաջորդեց «Մաշտոց հրատարակչական հիմնադրամ»-ի ներկայացումը և համապատասխանաբար անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն խմբերի ընթացիկ աշխատանքները։
Այնուհետև «Թեքեյան մշակութային ասոցիացիա»-ի և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ներկայացուցիչներն այցելեցին «Յունիկուս» մանկական զարգացման կենտրոն և «Երիտասարդական համախմբում» ՀԿ՝ ծանոթանալու նաև նրանց աշխատանքներին։ Այցի ընթացքում ներկայացվեցին «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի կողմից կազմակերպվող դասընթացները, մշակութային միջոցառումները, արշավներն ու էքսկուրսիաները՝ նաև լուսանկարների միջոցով։ Աշխատակազմն անդրադարձավ Ջերմուկ համայնքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ընթացքում «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի երիտասարդների կամավորական աշխատանքներին:
Oրակարգի վերջում տեղի ունեցավ քննարկում երկու կողմի ներկայացուցիչների և Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի միջև։
Այցելության ողջ ընթացքում ներկա էին նաև «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի արտաքին խորհրդատուներ դոկտոր Ալմութ Շուլթհայսը և Բերնդ Շուլթհայսը (Գերմանիա):
Պատասխանել