Հուլիսի 8-ից 10-ը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր երիտասարդական փոխանակման ծրագրերի շրջանակում իրականացրեց միջազգային երիտասարդական հավաքի երրորդ շրջափուլը։ Հավաքն իրականացավ Վայոց ձորի մարզի և ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված երիտասարդների մասնակցությամբ «Լյուսի տուր» հյուրանոցային հանգստավայրում։
Ծրագրին մասնակցում էին 45 անձինք, այդ թվում՝ ՀԿ-ի աշխատակիցներ։
Եռօրյա հավաքը մեկնարկեց երիտասարդների ծանոթացմամբ։ Հավաքի երկրորդ օրը երիտասարդները հնարավորություն ունեցան մասնակցելու տարատեսակ թեմաներով տեսական և գործնական դասընթացների, ինչպիսիք են հայկական ավանդույթներ, ընտանիք, մշակույթ, հայոց լեզվի յուրահատկությունները, ինտեգրացում, կազմակերպվեց խմբային բեմականացում, ներկայացումներ։
Նույն օրերին թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում իրենց հերթական հավաքն էին իրականացնում Վայք և Ջերմուկ համայնքների երիտասարդները։ Միջազգային հավաքի մասնակիցները հնարավորություն ունեցան նրանց հետ միասին մասնակցել տարբեր թեմաներով քննարկումների՝ հայկական խոհանոց, հայկական մշակույթ, սպորտ և հայրենադարձություն։ Քննարկումներից հետո երիտասարդները վառեցին խարույկ և կազմակերպեցին երաժշտական երեկույթ՝ թվով 90 հոգի։
Երրորդ օրը սկսվեց ավանդույթ դարձած արշավներով, այս անգամ դեպի Զորաց տաճար և Սուրբ Նշան եկեղեցի։ Արշավներից անմիջապես հետո նրանք հանդիպեցին զբոսաշրջության ոլորտում տեղի երիտասարդ գործարարների հետ։ Առաջին այցը տեղի ունեցավ «Էլեգիս» հանգստավայրում, որը գտնվում է Եղեգիս գյուղում։ Սեփականատեր Զավեն Գրիգորյանը մանրամասն ներկայացրեց հանգստավայրի ստեղծման, գործունեության և ընթացիկ աշխատանքների մասին։ Այնուհետև երիտասարդներն այցելեցին «Արևի» հյուրանոց և հնարավորություն ունեցան ծանոթանալու հյուրանոցի գործունեությանը՝ նույն հյուրանոցի մենեջեր Արմեն Մնացականյանի օգնությամբ։
Հագեցած և օգտակար հանդիպումներից հետո հավաքի մասնակիցները արշավեցին դեպի Եղեգիս գյուղում գտնվող հրեական գերեզմանատուն։
Վերադարձից հետո երիտասարդները մասնակցեցին ևս մեկ խմբային աշխատանքի և քննարկման` Հայաստանի մարզերում վերաբնակեցման մասին։ Իսկ հավաքի ավարտին նրանք հանդես եկան նոր առաջարկություններով, շնորհակալական խոսքով՝ անդրադառնալով նման նախաձեռնությունների կարևորությանը, նոր կապերի ստեղծմանը, նոր ընկերների ձեռք բերմանը և ծրագրի շարունակականությանը։
Հանդիպման ողջ ընթացքում դասընթացներն իրականացրեց Ամերիկյան համալսարանի դասախոս, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի անկախ փորձագետ Հարություն Հարությունյանը։
Հայաստանի մշակույթը և հայոց լեզվի յուրահատկությունները թեմայով դասընթացը ներկայացրեց գրող և դասախոս, միջազգային հավաքի խոսնակ Մուշեղ Կարապետյանը։
Կազմակերպչական աշխատանքներն իրականացրին ինտեգրացիոն ծրագրերի նախաձեռնող խմբի պատասխանատու Օկսանա Հարությունյանը և ՀԿ-ի աշխատակիցները։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գործընկեր գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ և կրելու է շարունակական բնույթ։ Միջազգային երիտասարդական հավաքները լավագույն հնարավորություն են ակտիվացնելու և իրազեկելու նաև Վայոց ձորի երիտասարդներին։
Ինչպես նախորդ երկու հավաքների դեպքում, այս անգամ ևս, բոլոր ծախսերը՝ ներառյալ մասնակիցների տեղափոխումը Երևանից Եղեգնաձոր և հակառակը, սննդի, կացարանի ծախսերն ամբողջությամբ հոգացել է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն։


Պատասխանել