ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Շուրջ ութ ամիս, 2021 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2022 թվականի մայիս ամիսը, «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի կողմից «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի, Վայոց ձորի թեմի, Վայոց ձորի մարզպետարանի և խոշորացված համայնքների հետ համագործակցությամբ իրականացվում է երիտասարդական ամենշաբաթյա եռօրյա հավաքների թվով հինգերորդ շրջափուլը (ընդհանուր՝ 32 հավաք)։

Շրջափուլերից յուրաքանչյուրի ընթացքում ամեն շաբաթվա ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Վայոց ձորում ապրող 18-35 տարեկան երիտասարդների համար իրականացվող եռօրյա հավաքները հնարավորություն են տալիս զինվել  արտակարգ իրավիճակներում արագ և օպերատիվ արձագանքման գիտելիքներով, զինվորական գրագիտության հմտություններով, առաջին բուժօգնության հիմունքներով, տեղական ինքնակառավարմանը բնորոշ տարբեր գիտելիքներով։ Համախմբման շրջանակում կազմակերպվում են հանդիպումներ մշակութային, հասարակական, պետական, եկեղեցական գործիչների հետ, տարբեր թեմաներով քննարկումներ, բանավեճեր, սպորտային խաղեր, մրցույթներ, երեկոյան խարույկներ, ազգային պար, երաժշտություն, արշավներ պատմական վայրեր և այլն։

Երրորդ շրջափուլի ընթացքում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի նախաձեռնությամբ համախմբման երիտասարդները ներկայացրին իրենց համայնքների զարգացմանը նպաստող ծրագրեր, ՀԿ-ի կողմից դրամաշնորհ ձեռք բերելու և լավագույն ծրագրերն իրականացնելու նպատակով։ Համախմբման անդամների, ձևավորված հանձնաժողովի անդամների որոշմամբ Եղեգիս խոշորացված համայնքի Քարագլուխ բնակավայրն արժանացավ դրամաշնորհի ՀԿ-ի «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում։

Ծրագրի նպատակն էր Քարագլուխ բնակավայրի նախադպրոցական 5-6 տարեկան երեխաների համար ապահովել կրթական գործընթացի արդյունավետությունը։

Ծրագրի շրջանակում ձեռք են բերվել ուսումնական սկավառակներ, կտորե գնդակներ, զարգացնող խաղեր, փազլ, կինետիկ ավազ, սեղանիկներ, խոսող տիկնիկներ, խոսող գրատախտակներ, պոլիմերային կավ, կտորե գնդակներ, մաթեմատիկական պաստառներ։

Դրամաշնորհային հայտով նախատեսված իրերը հանձնվեցին մայիսի 12-ին։ Իրականացվեց բաց դաս, որին ներկա գտնվեցին «Սյունիք Զարգացում» ՀԿ-ի աշխատակիցները, դպրոցի տնօրեն Արման Հովհաննիսյանը, դրամաշնորհային ծրագրի գաղափարն առաջարկողներ, նույն դպրոցի այս տարվա շրջանավարտներ Շուշան Բաբախանյանը, Մարի Մելքոնյանը և ծնողներ։

Բաց դասի ավարտին դպրոցի տնօրենը հանձնեց գրքեր «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակիցներին, ի նշան երախտագիտության։

Շնորհակալական խոսքով հանդես եկավ դաստիարակ Պայծառ Հարությունյանը՝ անդրադառնալով ձեռք բերված յուրաքանչյուր առարկայի կարևորությանը, որոնք կծառայեն նոր ժամանցային դասընթացներ կազմակերպելուն։

«Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի նույնանուն ծրագրի մյուս երիտասարդները հանդես են եկել այնպիսի գաղափարներով, ինչպիսիք են աղբի տեսակավորման արկղերի տեղադրում, երիտասարդական կենտրոնի կահավորում, այգու նստարանների վերանորոգում և այլն։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն խրախուսում է երիտասարդի մասնակցությանը համայնքային կյանքին և մշտապես պատրաստ է աջակցելու նոր արդյունավետ գաղփարների իրագործմանը։

Պատասխանել