ԹԵՄԱՊԱՏԿԱՆ «ՍԻՐԱՆՈՒՅՇ» ՃԱՄԲԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդական համախմբում» ծրագրի շրջանակներում հունվարի 28-ից 30-ը  թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում համախմբվեցին Եղեգնաձոր խոշորացված համայնքի 53 երիտասարդներ։

Այս անգամ եռօրյա հավաքը մեկնարկեց նոր հանդիպումներով, նոր դասընթացներով և նվերների տրամադրմամբ։

Երիտասարդներին այցելեցին «Նորավանք  սպորտային ակումբ»-ի սպորտային տնօրեն Գարո Բալյանը, «Նորավանք սպորտային ակումբ»-ի աղջիկների թիմը, որոնք հանդես են գալիս Հայաստանի ֆուտբոլի կանանց բարձրագույն խմբում ներկայացնելով Վայոց ձորի մարզը, ինչպես նաև թիմի մարզիչներ Արմեն Ղազարյանն ու Ագապի Թադևոսյանը։ Հանդիպման ընթացքում կազմակերպվեցին թիմային, սպորտային տարբեր խաղեր (թիմբիլդինգ) և իրականացվեցին սպորտային վարժություններ։

Հանդիպման մեկնարկին «Նորավանք սպորտային ակումբ»-ի մամուլի քարտուղար Գևորգ Մաթևոսյանը ներկայացրեց ակումբի գործունեությունը։ Հավաքի ընթացքում երիտասարդները հյուրընկալեցին Վայոց ձորի մարզպետարանի «ԿԳՄՍ վարչության» գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվեց մարզային ու պետական կրթական համակարգի կառուցվածքը։

Եռօրյա հավաքի երկրորդ օրը «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդական համախմբում» ծրագրի մասնակիցներին այցելեցին ՊՆ աշխատակիցները։ Կազմակերպվեց զինվորական գրագիտության բարձրացմանն ուղված դասընթացներ և գործնական աշխատանք։ Իսկ հանդիպման ավարտին «Հայոց բանակ»-ի 30 ամյակին նվիրված «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից ՊՆ աշխատակիցներին տրամադրվեցին նվերներ, ի նշան խորին երախտագիտության և իրենց կատարած աշխատանքի։

Հանդիպում տեղի ունեցավ նաև «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի նախագահ Մհեր Ասատրյանի հետ, որի ընթացքում քննարկվեց պետություն-հայրենասիրություն թեման։

Երիտասարդները կրկին զինվեցին առաջին բուժօգնության գիտելիքներով և հմտություններով Եղեգնաձոր ԲԿ-ի տնօրեն Կարեն Ասատրյանի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Երիտասարդական համախմբում» ծրագրի երիտասարդները կարող են օգտվել անվճար ատամնաբուժական ծառայություններից ևս։ Ծառայությունները մատուցվում են «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագրի կողմից։  Ատամնաբուժարանը գործում է Հերմոն բնակավայրում, թեմապատկան «Սիրանույշ» ճամբարին կից։ Այս անգամ երիտասարդները նույնպես օգտվեցին անվճար տրամադրվող ծառայություններից։

Իսկ արդեն ավանդույթ դարձած դրամաշնորհին այս անգամ արժանացան խոշորացված Եղեգնաձոր համայնքի Գետափ և Մալիշկա բնակավայրերը։

Գետափ բնակավայրի երիտասարդների առաջադրած դրամաշնորհային ծրագրի նպատակն է ձեռք բերել պարային հանդերձանք Գետափ բնակավայրում գործող «Զմրուխտ» պարային համույթի երեխաների համար։ Գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ գումարի չափը կազմում է 200 000 ՀՀ դրամ, որից «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակներում տրամադրելու է 160 000 ՀՀ դրամը, իսկ մնացած 40 000 ՀՀ դրամը ներդրում են կատարելու «Երիտասարդական համախմբում» ծրագրի, Գետափ բնակավայրի երիտասարդ համակարգողները։

Մալիշկա բնակավայրի դրամաշնորհային ծրագրի գաղափարը հետևյալն է․ Երիտասարդները նախատեսել են Մալիշկա բնակավայրում արդեն ստեղծված «Երիտասարդական կենտրոն»-ի համար ձեռք բերել գույք, կահավորել այն, որպեսզի մշտապես կարողանան ապահովել ակտիվ քննարկումներ, իրականացնեն դասընթացներ, և որոնք էլ կնպաստեն երիտասարդների ակտիվացմանը համայնքային գործունեության մեջ։ Ձեռք բերվող գույքի համար պահանջվող գումարը կազմում է 210 000 ՀՀ դրամ, որից «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակներում տրամադրելու է 160 000 ՀՀ դրամը։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն մշտապես պատրաստ է աջակցել «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի երիտասարդներին համայնքային զարգացմանն ուղված գաղափարները կյանքի կոչելու համար։

Հավաքի ընթացքում, հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով, երիտասարդները դիտեցին հայրենասիրական ֆիլմեր, ինչպես նաև կազմակերպեցին ինտելեկտուալ խաղեր և մշակութային միջոցառումներ։

Իսկ եռօրյա հավաքի ավարտին «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամը «Երիտասարդական համախմբում» ծրագրի երիտասարդներին տրամադրեց նվերներ։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի կողմից, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի, Վայոց ձորի մարզպետարանի և խոշորացված համայնքների համագործակցությամբ։

 

 

 

Պատասխանել