«Երիտասարդական համախմբում» ծրագրի շրջանակներում թեմապատկան «Սիրանույշ» ճամբար ժամանեցին Եղեգնաձոր և Մալիշկա համայնքների ակտիվ երիտասարդները։
Երիտասարդների եռօրյա հավաքների ընթացքում կրկին իրականացվեց ԱԻՆ ներկայացուցիչների կողմից կազմակերպված տարհանման դասընթաց՝ տեսական և գործնական գիտելիքների կիրառմամբ։
Այս անգամ ևս դասընթացն անցկացրին Վայոց ձորի փրկարար ծառայության փոխգնդապետ Սուրեն Հարությունյանը, մարզային փրկարար ծառայության վարչության և ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության կապիտան Նիկոլայ Մկրտչյանը և փրկարար ծառայության ջոկատի սերժանտ Արսեն Այվազյանը։
ՊՆ աշխատակիցները, որոնք այցելեցին երիտասարդներին ներկայացրին «Զինվորական պատրաստվածություն» թեմայով դասընթաց կրկին գործնական աշխատանքների կիրառմամբ։
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ներկայացուցիչները համախմբման շրջանակներում Եղեգնաձոր և Մալիշկա համայնքների երիտասարդներին ներկայացրին ՀԿ-ի «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում իրականացվող ենթադրամաշնորհային ծրագրերը։
Նրանք մասնակիցներին մանրամասնորեն ներկայացրին դրամաշնորհային հայտը, բացատրեցին ծրագիր գրելու ընթացքը՝ կիրառելով մտագրոհի միջոցով գաղափարների հավաքագրման մեթոդը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Երիտասարդական համախմբում» ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն օգտվել «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից տրամադրվող ենթադրամաշնորհներից, որոնց տրամադրման նպատակն է աջակցել երիտասարդական, համայնքային նշանակության ծրագրերի նախաձեռմանն ու իրականացմանը։
Համախմբման շրջանակներում երիտասարդներին այցելեց Վայոց ձորի մարզպետարանի «Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության» բաժնի պետ Արամ Կոստանյանը։
Ա․ Կոստանյանը մասնակիցներին ներկայացրեց պետության կողմից տրամադրվող աջակցությունների, ներդրումային ծրագրերի մասին, որոնցից կարող են օգտվել երիտասարդները։
Երիտասարդները հյուրընկալեցին նաև Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Ասատրյանին և բուժքույր Նունե Լևոնյանին։ Հանդիպման մեկնարկը տրվեց առաջին բուժօգնության հիմունքների ծանոթացմամբ և տեսական-գործնական գիտելիքների կիրառմամբ։
Եղեգնաձոր համայնքի նորընտիր ղեկավար Դավիթ Հարությունյանը և համայնքապետարանի ներկայացուցիչ Վարդան Ավագյանը ևս հանդիպեցին ծրագրի երիտասարդներին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղական ինքնակառավարման համակարգում երիտասարդների ներգրավվածության և համայնքում երիտասարդական կյանքի աշխուժացմանն ուղված հարցերը։
Համախմբման շրջանակներում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից համախմբման պատասխանատու նշանակված Հասմիկ Գալստյանը կազմակերպեց նաև մրցաշար, ինտելեկտուալ և ժամանցային տարբեր խաղեր։
Պատասխանել