հետեվեք մեզ՝

«Հողերի պահպանությունը՝ գյուղատնտեսական գործունեության սկզբունք»

Տարածաշրջանում, մասնավորապես Վայոց ձորում, առանց այդ էլ սահմանափակ հողային ռեսուրսների էրոզիային նպաստող գործոնները շատ են ու բազմազան՝ վերըթաց գոտիականություն, ռելիեֆի մասնատվածություն, բարձրությունների տատանումներ։ Մեծ է նաև մարդկային գործոնը՝ սխալ անտառահատումներ, հողի ոչ ճիշտ մշակում։

Հողերի պահպանությանը միտված միջոցառումների իրականացումը գյուղատնտեսի, հողագործի, արտադրողի, տնտեսական գործունեություն իրականացնողի, հասարակական կազմակերպության, բացարձակապես յուրաքանչյուր մարդու մշտական ուշադրության կենտրոնում պետք է գտնվի։

Հողերի ռացիոնալ օգտագործման և պահպանման, էրոզիայի վտանգի տակ գտնվող հողերի վերականգնման, գյուղատնտեսության վարման արդյունավետության բարձրացման նպատակով «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Եղեգնաձորի «Աղասաֆի հանդամաս» կոչվող իր փորձացուցադրական այգիներում ստեղծել է էրոզիայի դեմ պայքարի պաշտպանական շերտ։

Պաշտպանական շերտի ստեղծման, ամրապնդման նպատակով տարիների ընթացքում շերտերով տնկվել-դասավորվել են ոչ միայն պտղատու ծառեր, այլև մացառներ:

Այս տարվա ընթացքում մացառապատման աշխատանքները շարունակվելով՝ տնկվել են մոշի և մասուրի հազարավոր թփեր: Անցկացվել է ոռոգման խողովակաշար։

Հողի կառուցվածքի բարելավմանը նպաստելուց զատ այդ թփերի պտուղները առաջիկայում վայրի թռչունների ու կենդանիների համար ծառայելու են կերի աղբյուր։ Վայրի հավաքի` մոշի և մասուրի բերքահավաքի, ճիշտ կազմակերպումն ու իրացումը տեղի բնակչության համար կդառնա եկամտի լրացուցիչ աղբյուր։