Ամսագրի գլխավոր խմբագիրը Շտեֆան Կուբեյնն է։ Նա մասնագիտությամբ աստվածաբան է։ 5 տարի առաջ այցելել է Հայաստան։ Միջազգային լրագրողների կազմում Սբ. Էջմիածնում մասնակցել է Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը, այցելել է աղետի գոտի։
Պրն. Կուբեյնը չափազանց հետաքրքրված էր Հայաստանի ներկա վիճակով ու մասնավորապես, համավարակի կասեցման գործընթացում նոր իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությամբ։
Բացի այդ ամսագիրը նպատակ ուներ Եվրոպայի գերմանախոս ընթերցողի համար անդրադարձ կատարելու այս տարվա ապրիլին «արտակարգ» պայմաններում կատարվող Մեծ եղեռնի հիշատակության միջոցառումների նոր ձևաչափին։
Հրապարակման նախապատրաստումը խմբագրության կողմից առաջարկվեց մեր հայրենակից, Աստվածաբանության դոկտոր Հարություն Հարությունյանին։
Դոկտոր Հարությունը ամիսներ առաջ է արևմտյան Եվրոպայից տեղափոխվել Հայաստան և այժմ անկախ փորձագիտական խորհրդատվություններ է իրականացնում Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ում՝ օժանդակելով մարզում նոր միջազգային զարգացման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։
Հոդվածի նկարում Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքիեպիսկոպոս Սրբազանն ու Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանն են՝ կարտոֆիլի սերմացու բաշխելիս:
Դոկտ. Հ. Հարությունյանի՝ ապրիլի 30-ին լույս տեսած հոդվածի առաջին բաժինը նկարագրում է Հայաստանի ընդհանուր իրավիճակը՝ անկախացումից հետո առաջացած տնտեսական դժվարություններ, Արցախյան գոյամարտից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգության մարտահրավերներ, թուրքական հակապատմական ու մերժողական կեցվացք, սահմանների շրջափակում, ռեսուրսների սակավություն, ռուսական էներգետիկ աղբյուրներից կախվածություն, պարսկական ներմուծման և վրացական միջանցիկ ուղու կենսական նշանակություն, ընդհանուր սոցիալական խնդիրներ:
«Դժվար է պատկերացնել, որ որևէ երկիր նման դրության մեջ կարող էր դեռևս ուժ գտնել իր մեջ՝ դիմակայելու կորոնավիրուսի ճգնաժամին։ Չնայած այս ամենին՝ Հայաստանի երիտասարդ կառավարությունն իր ծանրաբեռնված պետական մարմինների և սակավաթիվ բուժանձնակազմի հետ միասին ձեռնարկեցին բոլոր անհրաժեշտ քայլերը երկրում կայուն վիճակի պահպանման ու ժողովրդի հետ մեկտեղ այս իրավիճակից հնարավորինս անվտանգ խուսանավելու համար»,- նշում է հոդվածի հեղինակը։
Հրապարակման երկրորդ մասն անդրադառնում է արտակարգ իրավիճակի պայմաններում համավարակի դեմ իրականացված գլխավոր միջոցառումների ցանկին, պետության կողմից տրամադրվող տարատեսակ օժանդակության ծրագրերին և հասարակության արձագանքին, հոգևոր հաստատությունների միջոցով իրականացվող զանազան ծառայություններին, Սփյուռքի և տեղական բարերարների նվիրատվություններով կազմակերպվող օգնությանը, ինչպես նաև միջազգային կազմակերլպությունների ներգրավման օրինակներին։
Հոդվածագիրը մասնավորապես անդրադառնում է Վայոց ձորի թեմի և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի համատեղ ջանքերով ձեռնարկված միջոցառումներին՝ բազմազավակ ընտանիքներին և միայնակ թոշակառուներին սննդի փաթեթների տրամադրում, բուժ աշխատողներին պաշտպանիչ դիմակներով ապահովում, գյուղացիներին սերմացուների տրամադրում, մեկուսացման կարիք ունեցող անձանց համար կացարանի նախապատրաստում, հիվանդանոցներին սրբապատկերների և Սուրբ գրքերի տրամադրում։
Վերջին մասն ամբողջությամբ նվիրված է Ցեղասպանության հուշատոնին, որն այս տարի հայ ազգը ստիպված եղավ նշելու «արտակարգ» պայմաններում և ձևաչափով։ Հոդվածում նկարագրվում է առցանց հիշատակության ողջ ընթացքը՝ նախօրեին երեկոյան կազմակերպված միասնական մոմավառություն, ապրիլի 24-ին պետական այրերի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անհատական այց Ծիծեռնակաբերդ, հուշատոնի հեռարձակում համացանցով, համազգային մասնակցություն 1915 համարին ուղարկված հաղորդագրություններով։ Հոդվածում նկարագրվում է նաև 82-ամյա ծերունու պատմությունը, ով միակ բացառությունն էր, որ արտակարգ դրության պայմաններում այցելեց Ծիծեռնակաբերդ և անմիջապես դարձավ հայ ժողովրդի վերապրման նոր խորհրդանիշը։
Հոդվածն ավարտվում է այն եզրակացությամբ, որ չնայած համավարակի պատճառով առաջացած դժվարություններին, թե՛ Հայրենիքում ու թե՛ հեռավոր Սփյուռքում նկատվում է հազարավոր նվիրյալների բացառիկ միավորում։ Բժշկական անձնակազմը լավագույն կերպով է խնամում վարակված հիվանդներին։ Պետությունն ամբողջությամբ պատրաստ է ստանձնելու ճգնաժամի հետևանքները։ Եկեղեցին ևս մեկ անգամ ընդգծում և արժևորում է մերձավորին սիրելու պատվիրանը։ Առանձին անհատներ և կազմակերպություններ պատրաստ են սատար կանգնելու առավել խոցելիին։
Հոդվածագիրը գալիս է եզրահանգման, որ ո՛չ Ցեղասպանության վիշտը, ո՛չ էլ կորոնավիրուսի տագնապը չեն կարող կոտրել հայ ժողովրդին՝ մեջբերելով ավանդական հայկական ասացվածքը՝ «Մենք եղել ենք, կանք և կլինենք։ Ամեն»
Ամսագրի բնօրինակը գերմաներեն լեզվով հետևյալ հղմամբ՝
Պատասխանել