Վայոց ձորի թեմի և «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի երկարատև աշխատանքի շնորհիվ է, որ «Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագիրը կյանքի կոչվեց։ Ծրագրի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր Վայոց ձոր մարզի Արենի համայնքի սահմանամերձ Խաչիկ բնակավայրում։ Բացման արարողությանը ներկա էին Վայոց ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ներկայացուցիչներ Պաշտպանության և Առողջապահության նախարարություններից և «Սյունիք-զարգացում» ՀԿ-ից։
Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ողջույնի խոսքում նշեց, որ այս ծրագրի իրականացումը Վայոց ձորի թեմի և «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի մի քանի տարվա աշխատանքի և ներդրումների արդյունք է, շնորհակալություն հայտնեց նաև Վիգեն Կարապետյանին, Կարո Գևորգյանին և մի շարք ամերիկահայ բարերարների, որոնք շարունակական աջակցություն են բերելու այս նախաձեռնությանը: Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և միտում ունի ընդլայնվելու։
«Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարանը սպասարկելու է Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք, Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ և Բարձրունի բնակավայրերի բնակիչներին, զինվորականներին և նրանց ընտանիքի անդամներին։
Ծրագրի շրջանակներում Խաչիկ բնակավայրում տեղակայված զորամասին նաև նվիրաբերվեց զոդման շարժական ապարատ։
Պատասխանել