«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Բնապահպանական կրթություն և իրազեկում Վայոց ձորի և Զակարպատիայի (Ուկրաինա) մարզերում» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 12-13-ը «Գիտելիք» համալսարանում մարզի երիտասարդների համար տեղի ունեցավ բնապահպանական երկօրյա դասընթաց՝ «Էներգետիկ ճգնաժամ և վերականգնվող էներգիա» թեմայով։ Դասընթացի նպատակն էր բարձրացնել Վայոց ձորի երիտասարդների իրազեկվածությունը տեղական և համաշխարհային բնապահպանական խնդիրների վերաբերյալ, այդպիսով օգնելով հասկանալ շրջակա միջավայրի հիմնախնդիրների գլոբալ բնույթը և տեղական մակարդակում բացահայտել դրանց հնարավոր լուծումները: Ողջույնի խոսքով հանդես եկավ ծրագրի համակարգող Գոհար Հունանյանը, ներկայացրեց ծրագրի նպատակն ու դրա շրջանակում կատարված աշխատանքները և հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին։ Այնուհետև, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի համակարգողի օգնական Մարիամ Գրիգորյանը ներկայացրեց ՀԿ-ի կազմավորման պատմությունը, առաքելությունը, սոցիալական և բնապահպանական ընթացիկ ծրագրերը։ Մասնակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին և մի շարք հարցեր ուղղեցին ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ, որոնք ստացան սպառիչ պատասխաններ:
Ծրագրի դասընթացավարն էր «Թի-Էս-Ի դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ-ի տնօրեն, թռչնաբան, գիտությունների դոկտոր Կարեն Աղաբաբյանը, ով խոսեց հետևյալ թեմաներով՝
- բնապահպանական հիմնական խնդիրները,
- էներգետիկ ճգնաժամը և նրա հետևանքները,
- կլիմայի փոփոխությունը,
- բնական ռեսուրսները և դրանց կրճատումը,
- լուծումները՝ էներգապահպանողական տեխնոլոգիաները և Հայաստանի ներդրումը կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման գործում,
- վերականգնվող ռեսուրսները և դրանց կայուն օգտագործումը:
Դասընթացը նպաստեց մասնակիցների շրջակա միջավայրի վերաբերյալ գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, ինչպես նաև արժեքային համակարգի և վարքագծի կողմնորոշմանն ու էկոլոգիական մշակույթի ձևավորմանը:
Պատասխանել