‹‹Սյունիք-Զարգացում›› ՀԿ-ի և Վայոց ձորի մարզպետարանի համատեղ ջանքերով նոյեմբերի 7-ից 9-ը Եղեգիսի կիրճում գտնվող Լուսիտուր հյուրանոց-հանգստի գոտում տեղի ունեցավ ‹‹Վայոց ձորի համայնքների սոցիալական և կրթական հիմնախնդիրներն ու լուծման ուղիները›› խորագրով եռօրյա հանդիպում-քննարկում։ Ծրագիրն իրականացվում է գերմանական BfdW կազմակերպության կողմից օժանդակվող ‹‹Սոցիալական զարգացում Վայոց ձորի մարզում›› ծրագրի շրջանակում, որը հարթակ է ստեղծում համայնքների ակտիվ անդամների համար համախմբվել՝ քննարկելու իրենց համայնքների ոլորտային հիմնախնդիրները, հանդես գալ առաջարկություններով, և կազմակերպել տեսակետների անհրաժեշտ քննարկումներ: Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին մարզի խոշորացված համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուները, ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից, տեղական իշխանություններից և ուսումնական հաստատություններից։
Մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը և փոխմարզպետ Նանե Ասատրյանը՝ մաղթելով մասնակիցներին արդյունավետ քննարկում:
Եռօրյա հանդիպում-քննարկումն իրականացվում էր տեսական և գործնական ձևաչափով: Խոշորացված համայնքների առանձնացված աշխատանքային խմբերը վեր հանեցին իրենց համայնքներում առկա սոցիալական և կրթական հիմնախնդիրները և հանդես եկան առաջարկություններով, հնարավոր լուծման ուղիներով: Քննարկման ողջ ընթացքում իրենց մեծ ներդրումն ունեցան մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ավագ Գաբրիելյանը և առողջապահության և սոցիալական վարչության առաջատար մասնագետ Ցողիկ Բաբայանը: Քննարկումը ֆասիլիտացրին մարզի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը և Սյունիք-Զարգացում ՀԿ-ի աշխատակից Հայարփի Աղախանյանը:
Վերոնշյալ աշխատանքները՝ քննարկման վերջնական արդյունքները, աշխատանքային խմբերի կողմից մշակված առաջարկությունների փաթեթը կօգնի համայնքների ռազմավարական զարգացման պլանների հիման վրա մշակվող տարեկան աշխատանքային ծրագրերի առավել արդյունավետ կազմմանը:
Հատկանշական է, որ ծրագրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը նաև միջավայրի փոփոխությունն է և նոր մշակույթի ձևավորումը շահառու համայնքներում: Այնպիսի գործընթացներ ինչպիսիք են՝ համայնքային հուզող հարցերի մասնակցային քննարկումը, մասնակցային որոշումների կայացումը և դրանց ներկայացումը տեղական ինքնակառավարման մարմիններին նոր մշակույթի առաջին դրսևորումներն են: Սյունիք-Զարգացում ՀԿ-ն պլանավորում է իր ‹‹Սոցիալական զարգացում Վայոց ձորի մարզում›› ծրագրի շրջանակում ունենալ նմանատիպ այլ հանդիպում-քննարկումներ։
Պատասխանել