Արթուր Կարապետյանի և Արուս Ներսիսյանի խնձորի ինտենսիվ այգին Արենիում հիմնվել է 2017թ-ին
Սյունիք-Զարգացում ՀԿ-ի կողմից իրականացվող «Պտղաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում։
Այս տարի այգում նաև անցկացվեց ոռոգման կաթիլային համակարգ։
Մեկ տարի առաջ հայտարարություն տեսա, որ մարզում պտղաբուծության նորագույն տեխնոլոգիաների
զարգացման և ներդրման նպատակով Սյունիք-Զարգացում ՀԿ-ն կազմակերպում է մասնագիտական
ուսուցում,- պատմում է Արթուր Կարապետյանը։ Ուսուցումը 3 ամսով էր։ Մարզի տարբեր համայքների
հիմնականում ավագ սերնդի այլ մասնակիցների հետ ուսուցման ընթացքում մասնակցեցինք տարբեր
փոխադարձ այցերի՝ առավել հաջողված այգիներում, Սյունիք ՀԿ-ի փորձացուցադրական այգիներում
մասնակցեցինք ինտենսիվ այգիների էտի ու մշակության գործնական ուսուցումների, սովորեցինք պտղատու
այգու համար գրանցամատյան վարել և բիզնես պլան մշակել։
Արենիում սեփականաշնորհած հողատարածք ունեինք, որն օգտագործում էինք հիմնականում բանջարեղենի
մշակության համար: Մասնագետների հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք խնձորի ինտենսիվ այգի հիմնել։
Արդյունքը տեսնում եք․ հաջորդ տարվանից արդեն բերք կունենանք։ Ուսումնասիրելով ինտենսիվ այգիների
միջազգային փորձը՝ հիմա նաև ոռոգման կաթիլային համակարգ ենք տեղադրել այգում։
Պատրաստվում եմ ամուսնանալ։ Ես և ապագա կինս ունենք մշտական աշխատանք, սակայն ժամանակային
առումով կարողանում ենք զբաղվել նաև այգու մշակությամբ։ Այգին մեզ համար լրացուցիչ եկամտի աղբյուր
է։ Արենիում, համոզված եմ նաև այլ համայնքներում, այգեգործությամբ զբաղվում են հիմնականում ավելի
տարեցները, ովքեր կիրառում են դեռևս սովետական հին տեխնոլոգիաներ։
Ես ու Արուսը պատրաստվում ենք սեփական օրինակով կոտրել կարծրատիպերը։ Մեր այգին ամբողջ
համայնքի համար պետք է դառնա օրինակելի այգի։ Մենք մեր փորձն ու հաջողության պատմությունը
կտարածենք երիտասարդ ընտանիքների շրջանակում ու նրանց ևս կվարակենք մեր նախաձեռնությամբ։ Չէ որ
Վայոց ձորը հսկայական ներուժ ունի պտղաբուծության զարգացման համար․․․Հեռանկարներն արդեն
երևում են,- ժպտում է Արթուրը։
Պատասխանել