Նոր Ազնաբերդի մուտքն ազդարարող՝ ասել է թե հայրենիքի սահմանները մատնանշող ցուցանակը խտացնում և արտացոլում է տեղացիների կենսապայմանները՝ անցյալի ու ներկայի խաչմերուկին, ժամանակի ընթացքում խունացած, բայց կանգուն․․․
Մտնում ես գյուղ, քայլում մի քանի մետր ու սկսում արժևորել ունեցածդ․․․մինչ դու բողոքում ես, որ դեռևս չես հասցրել գնել սիրելի զգեստը, միջոցներդ այդքան էլ բավական չեն քո երազած տեղում հանգստանալու կամ առավոտյան 9-ին արթնանալը ծանր բեռ է․այստեղ հոգսերն արթնանում են արևածագին, չնայած երբևէ հոգսերը չեն քնում, որ արթնանան՝ ծանր շուռ ու մուռ են գալիս մինչև Արայիկենց աքաղաղի կանչելը։
Արայիկն ու գյուղի մնացած սահմանապահները 88-ի նոյեմբերի 27-ին են թողել տուն ու տեղ, հարազատների գերեզմաներ ու իրենց ինքնության մի մասը սարի մյուս կողմում՝ Նախիջևանի Հին Ազնաբերդ գյուղում ու գաղթել ներկայիս Նոր Ազնաբերդ․․․
‹‹Սարի մյուս կողմ››, հա ձեզ համար ընդամենը աշխարհագրական տեղանքի փոքրիկ նկարագրություն է, իսկ Արայիկենց համար սարի մյուս կողմը երազանքից վերածվել է հեռու մնացած մշուշոտ երազի, երազ, որտեղ պարզ նշմարվում է գյուղի գրադարանը, մանկապարտեզը, գազաֆիկացված համայնքը, ձմռանն ընդառաջ ամուր տանիքն ու Սոնիկ տատիկի բանջարի ‹‹կալերը››։
Փորձել են իրենց ինքնության մնացած մասը պահել այստեղ՝ Նախիջևանի սահմանից 700 մ հեռավորության վրա։ Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե որքան հեռու ու անհասանելի է այդ 700 մ-ը։ Գյուղը վերանվանել են Հին Ազնաբբերդի անունով՝ մնալով հնի ու նորի խաչմերուկում։
Գյուղի մուտքի մոտ բոլոր ժամանակների իրենց հերոսի՝ Ալեքսան Հովսեփյանի նկարն է, ով 91-ին զոհվել է Տիգրանաշենի կռվում։ Հարևան Մարտիրոս գյուղից խաչքար են բերել և դարձրել սրբատեղի։
Այժմ գյուղում՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակության սահմանին, 24 տնտեսություն է բնակվում, ավելի տեղին է ասել մաքառում, մաքառում իրենց օրվա գոյությունն ապահովելու և հայրենիքի հավերժության համար։
Ամուր տանիքը, զարգացած գյուղատնտեսությունը, գրադարանն ու մանկապարտեզը այդպես էլ մնացել են 80-ականների իրենց հիշողություններում․․․
Գիտեք, բացի օր առաջ լուծում պահանջող խնդիրներից այս մարդիկ պարզ, մարդկային շփման, ուշադրության ու հոգատարության կարիք ունեն․․․
Հ․Գ
Նախիջևանը պատմական Հայաստանի մասն է եղել։ Այնտեղ զարգացած է եղել մշակույթը, որի վառ ապացույցն են հանդիսանում Ջուղայի
1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր, ըստ որի Նախիջևանը հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։ Միջազգային իրավունքի տեսակետից դա միանշանակ ապօրինի պայմանագիր էր։ Երկու երկրներ իրենց իսկ կողմից ինքնիշխան ճանաչված մի երրորդ պետության տարածք հանձնում էին մի չորրորդ պետության՝ առանց նրանց մասնակցության և նույնիսկ կարծիքը հարցնելու։
Հին Ազնաբերդ (այժմ կոչվում է՝ Չալխանկալա, ադրբ.՝ Calxanqala), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Քենգերլիի շրջանում։
Ազնաբերդը (բարբառով՝ Ըզնաբերդ, սխալ գրությամբ՝ Զնաբերդ, օտար անվանմամբ՝ Ազնաբյուրդ) տեղադրված էր Վայքի լեռնաշղթայի հարավային ստորոտին, պատմական Վասպուրական աշխարհի Նախճավան գավառի հյուսիսային մասում՝ Նախիջևան քաղաքից 35 կիլոմետր հյուսիս-արևմուտք: Գյուղի տարածքը գտնվում էր պատմական Վասպուրական, Սյունիք, Այրարատ աշխարհների մի յուրօրինակ հանգույցում:
Ազնաբերդցիներն ավանդաբար զբաղվում էին այգեգործությամբ, խաղողագործությամբ, անասնապահությամբ, հացահատիկի մշակմամբ, ծխախոտագործությամբ, մեղվաբուծությամբ, շերամապահությամբ և տարբեր արհեստներով: Գյուղն ուներ գինեգործական կոմբինատ, գործում էին միջնակարգ դպրոցը, հիվանդանոցը, ակումբը, գրադարանը, մանկապարտեզը:
One Response
Լևոն Զնաբերդցի
Հինը պիտի հետ բերենք…