Ինտեգրացիոն դասընթաց

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն, «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ, «Տեղահանված և սոցիալապես խոցելի խմբերի ներգրավումը հայաստանյան աշխատաշուկայում մասնագիտական կրթության և աջակցության միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացրեց  Ինտեգրացիոն երրորդ դասընթացը:  Ս/թ.-ի մայիսի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձոր մարզի Հերմոն գյուղում տեղակայված Լուսի տուր հանգստյան գոտում տեղի ունեցած Ինտեգրացիոն դասընթացը նվիրված էր խոհարարների և խոհարարական հմտություններ ունեցող անձանց կարողությունների զարգացմանը:  Եռօրյա դասընթացի ընթացքում կարիերայի պլանավորման և զարգացման դասընթացավար Հայկուհի Գևորգյանի օգնությամբ շահառուները,  համաձայն իրենց մասնագիտական կարողությունների ու նախասիրությունների, լրամշակեցին իրենց CV-ները և կազմեցին կարիերայի զարգացման անհատական պլաններ, իսկ հայկական խոհանոցի գիտակ, հայտնի խոհարար, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ և «Արարատ հոլլ» ուսումնական կենտրոնի տնօրեն Սեդրակ Մամուլյանի կողմից իրականացվեց տեսական և վարպետաց դասընթաց՝ «Ազգային խոհանոց» թեմայով: Դասընթացի ավարտին շահառուները «Արարատ հոլլ» ուսումնական կենտրոնի կողմից ստացան հավաստագրեր:

Դասընթացին, որպես խոսնակ, հանդես եկավ զբաղվածության պետական գործակալության գործատուների և աշխատաշուկայում ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Հովհաննիսյանը, ով ներկայացրեց  աշխատաշուկայում որպես խոհարար աշխատելու հիմնական պահանջներն ու չափորոշիչները:

Ինտեգրացիոն դասընթացի շրջանակներում շահառուներից յուրաքանչյուրը ծրագրի հոգեբան Հասմիկ Հակոբյանի կողմից ստացել է անվճար հոգեբանական խորհրդատվություն, որը կնպաստի, որպեսզի շահառուները հաջողությամբ կարողանան դիմել թափուր աշխատատեղերի:
Դասընթացի ավարտին, դիտարկելով յուրաքանչյուր շահառուի CV-ն և կարիերայի զարգացման անհատական պլանը, ծրագրի անձնակազմը անհատական հարցազրույցներ անցկացրեց շահառուների հետ, որի արդյունքում շահառուներին հնարավորություն կտրվի հետագայում անցնել աշխատանքային փորձաշրջան:

Պատասխանել