Վերապատրաստում վերապատրաստողների համար

Եվրոմիության հիմնական շարժիչ ուժ հանդիսացող գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպությունն ընդառաջում է Կովկասում եվրոպական մշակույթի կրող երկու հնագույն ժողովուրդների մերձեցման, փոխճանաչման, բարեկամության ամրապնդման և փորձի փոխանակման համար։
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն 2017 թ.-ի հուլիսի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում «Սոցիալական զարգացում» ծրագրի շրջանակում իրականացրեց թվով երկրորդ վերապատրաստում վերապատրաստողների համար ծրագիրը, որի նպատակն էր սկսնակ և ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող վերապատրաստողներին տալ կոնֆլիկտի վերլուծման, կառավարման, փոխակերպման, միջնորդության և կարգավորման գիտելիքներ ու հմտություններ: Վերապատրաստումն անցկացվեց Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում տեղակայված Լուսի-Տուր հյուրանոցային և հանգստյան գոտում վրացական «Երիտասարդները հանուն դիվանագիտական ներգրավման» կազմակերպության հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվեց ոչ ֆորմալ կրթության մեթոդով՝ խմբային և անհատական աշխատանքներ, ինտերակտիվ խաղեր և վարժություններ, քննարկումներ, ինչպես նաև հարց ու պատասխաններ։ Մասնակիցների հետ աշխատեց ոլորտի լավագույն մասնագետներից մեկը՝ Արտակ Այունցը, ով ունի սոցիոլոգի բակալավրի և ասպիրանտի աստիճան, և հակամարտությունների կարգավորման մագիստրոսի աստիճան։
Ծրագրին մասնակցում էին Հայաստանի և Վրաստանի տարբեր տարածաշրջաններից 10-ական երիտասարդ ուսանողներ և սկսնակ վերապատրաստողներ:
«Ինձ շատ դուր եկավ ծրագրի մեթոդիկան, նյութերը, միջավայրը և մասնակիցները։ Մենք հավատում ենք, որ նմանատիպ ծրագրերը լավ հնարավորություն են երիտասարդների համար ձեռք բերել նոր հմտություններ և գիտելիքներ, որոնց շնորհիվ վերջիններս կարող են դառնալ իրենց համայնքների զարգացմանը նպաստող ակտիվ անդամներ, ներգրավել իրենց հասակակիցներին համայնքային զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը: Ծրագիրը նաև լավ հարթակ է հանդիսանում երիտասարդների համար՝ կիսելու իրենց փորձը և ամրապնդելու հետագա կապն ու համագործակցությունը»,- նշեց ծրագրի հայ մասնակիցներից Արփինե Նիկոլյանը։
«Ընկերներիցս բազմիցս լսել էի «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գործունեության և իրականացրած ծրագրերի մասին և ցանկանում էի մասնակցել այդ ծրագրերից մեկին։ Իրապես ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց մասնակցել վերապատրաստում վերապատրաստողների համար ծրագրին։ Վերապատրաստման ավարտից հետո հասկացա, թե ինչու էին ընկերներս այդքան տպավորված ՀԿ-ի իրականացրած ծրագրերից։ Ծրագրի հաջողությունը կախված էր ինչպես հմուտ վերապատրաստողից, այնպես և ճիշտ ընտրված մասնակիցներից»,- նշեց Նանա Բերուաշվիլին։
Վերապատրաստման բաղկացուցիչ մաս էր կազմում մշակութային երեկոն, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մանրամասն ներկայացնելու իրենց երկրների մշակույթը, իրազեկելու ավանդույթներին և ազգային արժեքներին:
Որպես բաղկացուցիչ մաս, ծրագրի ավարտին հաջորդող վեց ամիսների ընթացքում շրջանավարտները պետք է խաղաղաշինության վերաբերյալ սեմինարներ իրականացնեն իրենց համայնքներում՝ փորձի ձեռքբերման նպատակով։
Ծրագրի երրորդ տարում՝ 2018թ.-ի ամռանը, տեղի կունենա ամփոփիչ կոնֆերանս, որի նպատակն է կիսել ծրագրի արդյունքները և իրականացնել փորձի փոխանակում։
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն վստահ է, որ այս աշխատանքի արդյունքում կստեղծվեն նոր կապեր և փորձի փոխանակման հնարավորություններ։

Պատասխանել