2013 թվականի օգոստոսի 18-ին Շեն հասարակական կազմակերպությունը և Փարիզի Ֆրանսահայ բժիշկների միությունը (UMAF) «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հետ իրականացրեց «Ակնոցներ Հայաստանի համար» մեկշաբաթյա ծրագիր Վայոց ձորի մարզում: Սա երեք փուլից բաղկացած ծրագրի վերջին մասն էր, որի նպատակն էր հետազոտել տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին և նվիրել օպտիկական ակնոցներ: Առաջին փուլը սկսվեց ապրիլին և ավարտվեց հունիսին, որի ընթացքում դպրոցների և գյուղերի բուժքույրերի օգնությամբ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն ցուցակագրեց տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին: Այնուհետև, տեղի բուժքույրերը վերապատրաստվեցին փորձառու բժիշկների կողմից՝ տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին ճիշտ հետազոտելու համար: Վերջին փուլում ֆրանսիայից ժամանած ակնաբույժների խումբը համապատասխան սարքավորումներով այցելեց Եղեգնաձորի Գիտելիք համալսարան՝ հետազոտելու արդեն իսկ ցուցակագրված տեսողության խնդիր ունեցող երեխաներին և պատրաստելու նրանց համար անվճար օպտիկական ակնոցներ: Վայոց ձոր թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանն այցելեցին ծրագրի իրականացման վայր՝ տեղում ծանոթանալու ծրագրին և Ֆրանսիայից ժամանած բժիշկներին: Նրանք իրենց երախտիքի խոսքը հայտնեցին նման կարևոր նախաձեռնության համար:
Պատասխանել